Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան է, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել․ Նիկոլ Փաշինյան

«Մենք ասում ենք՝ եկեք հասկանանք ՀԱՊԿ պատասխանատվության գոտին որն է, որից հետո մեր հարաբերությունները խորը և ինստիտուցիոնալ կառուցենք, երբ որ ՀԱՊԿ-ը չի ասում մեր պատասխանատվության գոտին որն է, դա մեզ համար ֆունդամենտալ պրոբլեմ է։ Այսինքն՝ կարմիր գիծը ՀԱՊԿ-ը չի արձանագրում՝ որտեղով է անցնում, այսինքն՝ Սոթք Խոզնավարով չի անցնում, Ջերմուկի մոտով չի անցնում, որտեղո՞վ է անցնում»,- այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը։

Խոսելով նաև խաղաղության մասին՝ վարչապետն ասաց, որ մենք խաղաղություն կարող ենք ունենալ, եթե ի վիճակի լինենք մեր հարաբերությունները հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոշակի համաձայնությունների դաշտ ձևավորել և զարգացնել նաև մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ, այսինքն՝ սա է խաղաղության բանաձևը և իհարկե միջազգային հանրության այն ռեսուրսները, որոնք մեզ կարող են օգնել այս հարցում, այդ ռեսուրսները և հնարավորությունները պետք է անպայման օգտագործել։

Հարցին, թե վարչապետը ՀԱՊԿ-ի վրա հույս չի՞, դնում, բայց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում է, Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան է, որ ՀԱՊԿ-ն կարող է  հուսախաբ անել։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եմ մի պատճառով, որովհետև որևէ բան անելուց առաջ պետք է ինչ-որ ձևով հավատալ դրան, եթե չես հավատում ինչու ես դա անում։ Եթե չենք հավատում՝ ինչու ենք բանակցում, ձև՞ ենք անում։ Փորձը ցույց է տալիս, որ ձևի համար բանակցությունը լավ տեղ չի տանում»։

Մանրամասները՝ տեսանյութում