Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չի բացառվում, որ ինչ-որ մարդիկ նրան վճարում են այդ կեղծիքը տարածելու համար․ Միքայել Թումասյան

Չի բացառվում, որ ինչ-որ մարդիկ նրան վճարում են այդ կեղծիքը տարածելու համար․ Միքայել Թումասյան
Քաղաքականություն
21:08, 21 февраль 2021
Դավթաշենի թաղապետ Միքայել Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ 

«Արիանա Հովսեփյան անունով օգտատիրոջ կողմից այսօր իրականացված լայվի միջոցով մի շարք ստահոդ ու վիրավորական տեղեկություններ են տարածվել, կապված իմ անձի և Դավթաշեն վարչական շրջանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների հետ։ Նախ օգտատերը կեղծ տեղեկություն է տարածում, որ Եղվարդի խճուղով, Արմենիա հեռուստաընկերության մոտով անցնող խողովաշարը կառուցելու համար տարածքում  կառուցվող  շենքերի սեփականատերը, իբր,  պայմանավորվածություն ունի ինձ հետ, շահագրգռել է ինձ գումարով, որպեսզի ձայն չհանեմ կատարվող աշխատանքների թերությունների համար։
Իրականում խողովակաշարը պետական ծրագրով անցկացվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքի ոռոգումը պատշաճ իրականացնելու համար։ Այնուհանդերձ, կապալառու կազմակերպությունը արդեն իսկ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ աշխատանքներում թերացումների համար։
Հաջորդը, օգտատերը մատնանշում է, իմ սեփական առանձնատունը և հայտնում է, որ ես իմ տան դիմացի փողոցի հատվածը ասֆալտապատել եմ, բայց մյուս հատվածը ոչ։ Իրականում փողոցի այդ հատվածի ասֆալտապատումը իրականացվել  է 2016թ. , երբ արդեն իսկ կառուցել էի իմ առանձնատունը։
Ինչ վերաբերվում է փողոցի մյուս հատվածի անբարեկարգ վիճակին, նախ նշեմ, որ այդ փողոցը այս տարվա ասֆալտապատման ծրագրով արդեն իսկ նախատեսված է ասֆալտապատել։ Նշեմ նաև, որ այդ փողոցը տանում է նորակառույց թաղամաս, որտեղ դեռևս վերջնական չեն ավարտվել շինարարական աշխատանքները, պարբերաբար անցնում է ծանր տեխնիկա, չկա անցկացված կոյուղագիծ և անձրևատար ջրագիծ։
 Կարող եմ ենթադրել, որ այս  զրպարտչական կեղծ տեղեկությունները տարածելը սույն օգտատիրոջ նախաձեռնությունը չէ։ Չի բացառվում, որ ինչ-որ մարդիկ նրան վճարում են այդ կեղծիքը տարածելու համար։ Ուրեմն, ստիպված կլինեն բազմակի անգամ թանկ վճարել։  
Տեղեկացնեմ, որ անձի արժանապատվությունը վիրավորելու և զրպարտություն տարածելու համար այս օգտատիրոջը  իրավական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում»։