Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ժողովուրդը՝ հարավից հյուսիս, արևմուտքից արևելք, հստակ արձանագրելու է, որ այդ ի՛ր դեմ է, որ խաղ չկա, և ինչքան ուզի՝ խփելու է. Փաշինյան

Հայաստանի ժողովուրդը՝ հարավից հյուսիս, արևմուտքից արևելք, հստակ արձանագրելու է, որ այդ ի՛ր դեմ է, որ խաղ չկա, և ինչքան ուզի՝ խփելու է. Փաշինյան
Քաղաքականություն
23:09, 17 июнь 2021
«ՀՀ քաղաքացիները պահանջում են օրենքի և իրավունքի դիկտատուրա, պահանջում են, որ պետական ինստիտուտները կայանան: Եվ սա դառնալու է մեր առաջիկա անելիքների հենակետը: Օրենքը և իրավունքը անկյունաքար պիտի դառնան մեր իրականության համար, և սրա միակ ճանապարհը պետական ինստիտուտների կայացումն է հենց այս գաղափարաբանության հենքի վրա»,- այսօր՝ հունիսի 17-ին, Երևանի Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ վերջին իրենց ձախողումների հիմնական պատճառը եղել է 30 տարիների պետական ինստիտուտների կիսակատարությունը. «Կոռուպցիան, կոռուպցիոն շարժառիթները գերակշռել են բոլոր հարաբերություններում՝ բանակից մինչև դատարան: Մենք հետևողականորեն շարունակելու ենք պետական կառավարման համակարգի բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, և ապօրինի գույքի բռնագանձման համակարգի գործարկումը պիտի դառնա այս գործընթացի կարևոր ուղեկից»:

Փաշինյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ամբողջական և օբյեկտիվ ուսումնասիրությունը պետք է դառնա ճշմարտության և իրավունքի կարևոր հանգրվան. «Այս ճանապարհով պիտի գնանք ժողովրդի տված պողպատե մանդատով»:

«Այս ընտրությւոնները ստեղծել են բացառիկ հնարավորություն, որ ՀՀ քաղաքացին իր ասելիքը ասի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներին, Մարտի 1- մարդասպաններին, ՀՀ քաղաքացուն ընտրության իրավունքից զրկած ընտրակեղծարարներին: Այդ մարդիկ չեն հասկանում, որ ընտրակեղծարարության իրենց գնացքը վաղուց գնացել է, ընտրակաշառք բաժանողները ձերբակալվում են հենց այս րոպեներին ու կալանավորվում: Ինչքան ակտիվանան, այնքան ավելի մեծ փաթեթներով են ձերբակալվելու և կալանավորվելու: 

Եվ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը աներկբայորեն, միանշանակ և ջախջախիչ տոկոսներով հաղթելու է, որովհետև ժողովուրդը իր մտքում, իր սրտում, իր հոգում ամեն ինչ արդեն իսկ որոշել է, որոշել է, որ Հայաստանում ապագա կա՛: Եվ Հայաստանի ժողովուրդը՝ հարավից հյուսիս, արևմուտքից արևելք, հստակ արձանագրելու է, որ ինքն է միակ բարձրագույն ու որոշիչ ուժը, և որ այդ իր դեմ է, որ խաղ խաղ չկա: ՀՀ քաղաքացին ինչքան ուզի, այնքան էլ կխփի: Հունիսի 21-ին մենք այստեղ հավաքվելու ենք և վանկարկելու ենք՝ Հա-յաս-տան, Հա-յաս-տան»: