Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բախտներդ չփորձեք ու ժողովրդի համբերությունը չչափեք. Փաշինյանը՝ անկախ ժողովրդի կամքից իշխանության ձգտողներին

Բախտներդ չփորձեք ու ժողովրդի համբերությունը չչափեք. Փաշինյանը՝ անկախ ժողովրդի կամքից իշխանության ձգտողներին
Քաղաքականություն
21:05, 12 июнь 2021
«Աստծու տված դրախտը մենք պետք է դարձնենք ձեռակերտ դրախտ. սա է մեր առաքելությունը»,- Սարուխանում այսօր՝ հունիսի 12-ին, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ժամանակ:

Նա ընդգծեց, որ որոշողը ժողովուրդն է. «Եթե ժողովուրդը որոշի, որ մենք պետք է գնանք, ուրեմն խոնարհաբար կգնանք:

Բայց մենք արդեն իսկ հունիսի 21-ին ՀՀ քաղաքացիներին հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու ժողովրդական իշխանության վերահաստատումը և պողպատե հեղափոխության մեկնարկը: Այո, մենք պիտի Հայաստանում հաստատենք օրենքի, իրավունքի, կարգուկանոնի դիկտատուրա: Մենք կարողացել ենք պահպանել ներքին անվտանգությունը: Իսկ արտաքին անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար մեզ հարկավոր է համախմբել ողջ ժողովրդական և ազգային ներուժը»:

Նա կոչ արեց հունիսի 20-ին գնալ ընտրատեղամասեր և քվեարկել հեղափոխության օգտին. «Էն հեղափոխության, որ արդեն եղել է, և էն հեղափոխության, որ լինելու է հունիսի 20-ին և 21-ին»:

Այն ուժերին, որոնք ասում են, թե անկախ ժողովրդի կամքից գալու են իշխանության, Փաշինյանը խորհուրդ տվեց ժողովրդի համբերությունը չչափել, իրենց բախտը չփորձել:

Փաշինյանը նշեց, որ ամենուր կիսակատարություն է: «Էս կիսակատարությունն է, որ մեզ պետք է հաղթահարել: Հայաստանը պետք է կառուցվի նորովի»,- հավելեց նա: