Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ասում են՝ ո՞նց կարա վարչապետի որդին գարեջուր վաճառի. Իրենք սա չեն ներում. Փաշինյան․ Տեսանյութ

Ասում են՝ ո՞նց կարա վարչապետի որդին գարեջուր վաճառի. Իրենք սա չեն ներում. Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
17:09, 11 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր՝ հունիսի 11-ին, Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ Նոյեմբերյանում կրկին ազդարարեց պողպատյա հեղափոխության մեկնարկը. «Այդ հեղափոխության իմաստը Հայաստանում իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելն է: Մենք պետք է ստանանք այն հարցերի պատասխանները, որոնք վերջին 3 տարիներին բարձրաձայնվել են»:

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում կունենանք ապօրինի գույքի բռնագրավման մասին որոշումներ. «Եվ ժողովրդից գողացվածը կվերադարձվի ժողովրդին: Այս ընտրությունները իրենց կուտակած միլիոնների, ապօրինի գույքի լինել-չլինելու հարցն է: Այս երեք տարվա ընթացքում մենք դա չենք արել, որովհետև ցանկացել ենք ինստիտուցիոնալ ճանապարհով գնալ»:

Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրեց բոլոր ընտրակեղծարարներին. «Բոլորդ հայտնվելու եք ճաղերի հետևում, ընդ որում, ընտրախախտումների համար պատժաչափերը խստացվել են»:

Անդրադառնալով սոցհարցումների արդյունքներին՝ Փաշինյանն ասաց. «Էդ սոցիոլոգիական ընկերությունների անունն է «Ինչքան ուզենք՝ կխփենք»: Ժողովուրդը ինքը իր անունից կխոսի: Ժողովուրդն այս ընտրություններում պետք է քվեարկի ոչ այնքան մեզ համար, որքան ինքն իր համար»:

Նա ընդգծեց. «Էդ ընդդիմություն կոչվածի կեսն ընկել է որդուս հետևից, որովհետև էլիտայի կանոնն է խախտվում: Ասում են՝ ո՞նց կարա վարչապետի որդին գարեջուր վաճառի, ո՞նց կարա վարչապետի որդին ծառայի: Իրենք սրանից են պայթում, իրենք սա չեն ներում»: