Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը տեղի կունենա ՌԴ-ում՝ իր հովանու ներքո՝ չնայած ձախողել է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը

Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը տեղի կունենա ՌԴ-ում՝ իր հովանու ներքո՝ չնայած ձախողել է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը
Քաղաքականություն
12:23, 26 июль 2023
Ռուսաստանը փորձում է հետ չմնալ Արևմուտքից և Երևանի ու Բաքվի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրում լինել գլխավոր միջնորդը։ Սակայն չկան երաշխիքներ, որ ՌԴ-ն կարող է ապահովել իր իսկ միջնորդությամբ ստորագրվելիք որևէ փաստաթղթի բոլոր կետերի իրականացումը։ Երեկ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2023 թվականին նախատեսվում է երեք երկրների ղեկավարների գագաթնաժողովը, և Մոսկվան ակնկալում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կլինի Բաքվի և Երևանի միջև մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը։ Հանդիպումից առաջ էլ պաշտոնական Մոսկվան հայտնել էր, որ հատուկ ուշադրություն կհատկացվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստմանը։ Սակայն որքանո՞վ արդյունավետ կլինի խաղաղության պայմանագիրը կնքել Ռուսաստանում, եթե Մոսկվան չի կարողանում տեր կանգնել իր իսկ հովանու ներքո ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ 

Հաշվի առնենք նաև, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու արդյունքում լուրջ խնդիրներ է «ձեռք բերել» Արևմուտքի հետ ու հենց ՄԱԿ-ում։ Այսինքն՝ միջազգային հանրությունը կարող է երաշխիքներ չտալ Ռուսաստանի հովանու ներքո ստորագրվելիք որևէ փաստաթղթի համար, ինչը բացասաբար է ազդելու Հայաստանի վրա, սակայն ոչ Ռուսաստանի կամ Ադրբեջանի, քանի որ վերջիններիս դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները նոր մակարդակի են հասել։ 2022թ. փետրվարին Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ «դաշնակցային հռչակագիր» է ստորագրել, որով Ռուսաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ անվտանգության և կայունության ապահովման նպատակով: Կողմերը ձեռնպահ են մնում միմյանց դեմ ուղղված ցանկացած գործողությունից, այդ թվում՝ երրորդ պետությունների միջոցով իրականացվող։

Սրանից բացի, մեծացվել է նաև Ռուսաստանից Ադրբեջան արտահանվող գազի ծավալը։ Միայն վերջին ձմռան ընթացքում այն հասել էր 1 մլրդ խորանարդ մետրի։ Ադրբեջանը նաև սրա միջոցով հնարավորություն ստացավ գազ արտահանել եվրոպական 5 պետություններ։

Այսինքն՝ Պուտին-Ալիև համագործակցության արդյունքում ռուսական գազը հասավ Եվրոպա։ Այստեղ հարց է առաջանում, թե արդյոք Պուտինը դրա դիմաց Ալիևին արտոնություննե՞ր է տվել նոյեմբերի 9-ի թղթի հանդեպ, քանի որ միայն արտոնության պարագայում է հնարավոր, որ 9 կետերից կյանքի կոչվեն միայն Ադրբեջանի համար շահեկան կետերը: Մասնավորապես՝ 2-րդ կետը, որով Աղդամի շրջանը 2020 թվականի նոյեմբերի 20-ին վերադարձվեց Ադրբեջանին, իսկ 6-րդ կետով Ադրբեջանին փոխանցվեցին Լաչինի և Քարվաճառի շրջանները: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսվում էր ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում, բայց Ադրբեջանը դեռ շարունակում է Բաքվի բանտերում պահել հայ ռազմագերիներին: 

Չնայած Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել էին դադարեցնել ռազմական գործողությունները և կանգ առնել իրենց զբաղեցրած դիրքերում, Ադրբեջանն անցած երեք տարում միայն Հայաստանից ավելի քան 120 քկմ տարածք է օկուպացրել, իսկ ռուս խաղաղապահների անգործության հետևանքով ադրբեջանցիները իրենց ենթակայության տակ վերցրին Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող Փառուխ, Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից սեփական պարտականությունները թերի կատարելու կամ կողմնապահության հետևանքով փակված է Լաչինի միջանցքը։ 

Ակնհայտ է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերը համընկնում են, և Մոսկվան չի կարող արդար միջնորդ հանդիսանալ Երևանի ու Բաքվի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրում։ Ռուսաստանը չունի նաև գործիք ազդեցություն գործելու Ադրբեջանի վրա։ 
Վերը նշված փաստերը կասկած են առաջացնում այն հարցում, որ եթե Ռուսաստանի միջնորդությամբ Երևանի ու Բաքվի միջև կնքվի խաղաղության պայմանագիր, ապա դա խաղաղություն կբերի Հայաստանին և կզսպի Ադրբեջանի նկրտումները Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ 

Դավիթ Լևոնյան