Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հուսով ենք՝ Սոչիում եռակողմ գագաթնաժողովը կօգնի առաջ շարժվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության հասնելու հարցում». ՌԴ ԱԳ փոխնախարար

«Հուսով ենք՝ Սոչիում եռակողմ գագաթնաժողովը կօգնի առաջ շարժվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության հասնելու հարցում». ՌԴ ԱԳ փոխնախարար
Քաղաքականություն
10:40, 31 октябрь 2022
Ռուսաստանը հուսով է, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովը կօգնի առաջ շարժվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության հասնելու հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Խնդիրները դեռ քիչ չեն: Կարծում եմ՝ դրանց բոլորի մասին կխոսվի, այդ թվում՝ Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ: Հուսով ենք, որ դա ինչ-որ կերպ հնարավորություն կտա առաջ շարժվել մի շարք հարցերի ճանապարհին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման»,- ասել է Ռուդենկոն ռուս լրագրողներին։

Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը մինչև տարեվերջ խաղաղություն ստորագրելու հավանականության մասին՝ Ռուդենկոն նշել է, որ «այս կյանքում ամեն ինչ կարող է պատահել»։ «Եվ քանի որ (Հայաստանի) ղեկավարն ասել է, ապա, հավանաբար, նա ինչ-որ հիմքեր ունեցել է դա ասելու համար»,- ասել է Ռուդենկոն։ 

Հարցին՝ գագաթնաժողովի օրակարգում արդյոք քննարկվելո՞ւ է Փաշինյանի հայտարարությունը՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատը 20 տարով երկարաձգելու մասին փաստաթուղթը ստորագրելու իր պատրաստակամության մասին, փոխնախարարը պարզաբանել է, որ կոնտինգենտը տեղակայվել է «Ադրբեջանի տարածաշրջանում»՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության. «Այն հստակ մանդատ ունի՝ հինգ տարի: Հինգ տարին դեռ չի անցել»։