Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բիզնեսմենների 90 տոկոսը ինձ խոստովանում էին, որ եթե հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, իրենք կարտագաղթեն. Քերոբյան․ Տեսանյութ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում խոսելով ոռոգման ջրի պակասի մասին, ասաց. «Խնդիրը մի քան ֆակտոր ունի։ Նախ ջրային ռեսուրսների փոքր-ինչ սակավություն ունենք եւ երկրորդը՝ Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է։ Խմելու ջրի հետ կապված որեւէ խոսք չկա»։

Լրագրողների պնդմանը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերընտրվելուց հետո արտագաղթի տեմպը ահագնացել է, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Մինչեւ ընտրությունները կար միտում, որ մարդիկ հիասթափված 44-օրյա պատերազմի արդյունքներով եւ անվտանգային միջավայրով անհանգստացած արտագաղթում էին եւ արտագաղթում են․ մեր խնդիրը այն է, որ այդ անհանգստությունները փարատենք, անվտանգային եւ ներդումային միջավայրը վերականգնենք. հասարակության մեջ համերաշխության մթնոլորտը վերականգնենք, որպեսզի մարդիկ հետ վերադառնան եւ արարեն ու ստեղծագործեն մեր երկրում»։

Հարցին, թե հիասթափության նոր առիթ չէ՞ր արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքը, Քերոբյանը պատասխանեց, որ դա ժողովրդի ընտրությունն էր:

Նա ընդգծեց՝ շատ ավելի կարեւոր էր ոչ թե ընտրությունների արդյունքը, այլ դրանց անցկացման մակարդակը. «Մենք բետոնեցինք, ցեմենտեցինք մեր ժողովրդավարական ճանապարհը»:

Հարցին, թե ինչպե՞ս է լինում, որ օրինակ՝ բիզնեսմեն Գուրգեն Արսենյանը հայտնվում իշխող ուժի ցուցակում, Քերոբյանը պատասխանեց․ «Գուրգեն Արսենյանը բացառիկ հայրենասեր մարդկանցից է, որին ես ճանաչում եմ։ Ես վստահ եմ, որ իր մասնակցությունը պետական կառավարմանը միայն օգուտ է տալու հայ ժողովրդին եւ 100%-ով վստահ եմ, որ ոչ մի օգուտ չի տալու իր բիզնեսին, որովհետեւ ինքը ինքնաբավ մարդ է, որովհետեւ որեւէ լրացուցիչ գումար աշխատելու կարիք բացարձակապես  չունի»։