Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր երևակայությունը մեզ դեռ չի հերիքել ՊՆ-ի ուղղաթիռով վոյաժներ անել. Վահագն Ալեքսանյան

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: 

«Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Վահե Հակոբյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանի՝ իրեն ուղղված «որտեղ հաց՝ այնտեղ կաց» արտահայտությանը, և նշեց, որ իր ուսման վարձը վճարելու համար նա մեկնել է ՌԴ՝ աշխատելու շինարարությունում. «Երբ երիտասարդ ՀՀԿ-ականները մի շատ հետաքրքիր հիմնադրամից ստանում էին իրենց ուսման վարձավճարները»: 

Անդրադառնալով իր ֆիզիկական կազմվածքի վերաբերյալ Մամիջանյանի արտահայտությանը՝ Վահագն Ալեքսանյանը նշեց. «Ինձ թվում է՝ մենք հասուն մարդիկ ենք ու նման կլիշեներով միմյանց պիտակավորելու կարիք չունենք: Իմ ֆիզիկական կազմվածքը ինձ խանգարել է միայն բանակում, բայց մեկուկես տարի հետո դարձա դիվիզիոնի հրանոթի լավագույն հրամանատարը: Այստեղ իմ ֆիզիկական կազմվածքն ինձ ընդհանրապես չի խանգարում»:

Նա առաջարկեց փակել այս էջը և փոխադարձաբար միմյանց չվիրավորել. «Դրանից ոչ մենք ենք շահելու, ոչ դուք, ոչ էլ, առավել ևս, քաղաքացիները»:

Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանի արտահայտությանը, թե այլ հարցեր տալու ֆանտազիա չունեք, Վահագն Ալեքսանյանը նկատեց. «Մեր երևակայությունը մեզ դեռ չի հերիքել ՊՆ-ի ուղղաթիռով վոյաժներ անել»: