Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Մամիջանյան, գործ ունենք քաղաքական ստոկհոլմյան սինդրոմի հետ. Մարտի 1-ի ձեր ցուցարար ընկերներին գնդակահարում են, և դուք անցնում եք մյուս կողմ. Վահագն Ալեքսանյան

Պարոն Մամիջանյան, գործ ունենք քաղաքական ստոկհոլմյան սինդրոմի հետ. Մարտի 1-ի ձեր ցուցարար ընկերներին գնդակահարում են, և դուք անցնում եք մյուս կողմ. Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
10:58, 10 август 2021
Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Անդրանիկ Քոչարյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի երեկվա ելույթում հնչեցրած դիտարկմանը, թե Մարտի 1-ի զոհերից քանիսն են սպանվել Նիկոլ Փաշինյանի հորդորով ոստիկաններից քաղաքացիների կողմից վերցված մահակներով ու վահաններով,   ասաց. «Պարոն Մամիջանյան, դպրոցում ֆիզիկա սովորելու արդյունքում կարող եմ փաստել, որ մահակով ու վահանով չի կարելի արձակել դիմահար կրակոց, «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոց»: 

Նա նշեց, որ իր համար բացահայտում էր, որ Հայկ Մամիջանյանը մասնակցել է Մարտի 1-ի ցույցերին, և նշելով «Պատիվ ունեմ»-ի պատգամավորի խոսքը, թե ՀՀԿ-ականները մի լավ խոսք ունեին բանակից հաց գողացողի մասին, Վահագն Ալեքսանյանը նկատեց. «Եթե այս ամենը համադրում ենք այն փաստի հետ, որ դուք հիմա նստած եք պարոն Վանեցյանի կողքին, մենք այստեղ գործ ունենք աշխարհի ամենատարօրինակ քաղաքական ստոկհոլմյան սինդրոմի հետ. երբ Մարտի 1-ի ձեր ցուցարար ընկերներին գնդակահարում են, անցնում եք մյուս կողմ և ձեզ խմբակցության ղեկավար եք ընտրում մի մարդու, ով ձեր կուսակցական ընկերների հետ կապված այդքան գործեր է բացահայտում»:

Պատգամավորն անդրադարձավ նաև Սեյրան Օհանյանի ելույթին, ում կարծիքով՝ բանակում ռազմահայրենասիրությունն անկում է ապրել, և ասաց. «Պարոն Օհանյան, բանակում ամենահայհոյված իրը եղել է այն «պազիկը», որը զինվորին բերել է զորամաս: Եվ հայրենասիրության հետ կապված խնդիրը բնավ նոր երևույթ չէ»:

Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ ընդդիմադիր գործընկերների խոսքից անտեղյակ մարդու մոտ տպավորություն կստեղծվի, թե մինչև 2018-ը բոլոր խրամատները փորված են եղել, գնված են եղել նորագույն F-16 ու F-32, և «էս դավադիր իշխանությունն էլ եկել է ու սկսել լցնել բոլոր խրամատները և էդ F-16-ն ու F-32-ն էլ վաճառել»: