Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք եք որոշում ձեր կոռեկտության չափը. ՀՀ քաղաքացիները ձեր և ձեր գործընկերների ելույթների գնահատականները կտան ու տալիս են. ԱԺ նախագահը՝ Հայկ Մամիջանյանին

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Անդրանիկ Քոչարյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը իր ելույթում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին և, անցնելով կոռեկտության սահմանները, նշեց. «Ոնց որ թե պարոն Ալեքսանյանի թե արտաքին տեսքը և թե քաղաքական հետագիծը հուշում են, որ իր սկզբունքներից են՝ որտեղ հաց, այնտեղ կաց»: 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, արձագանքելով պատգամավորին, նշեց. «Պարոն Մամիջանյան, կարծում եմ՝ ձեր համեմատականներն անտեղի են: Եթե սկսենք քննարկել, թե ում արտաքինն ինչ է հուշում, կարող է շատ վատ տեղ գնանք: Գործընկերների արտաքինի հետ կապված խոսելը, կարծում եմ... ավելի լավ է ասեիք, թե պարոն Ալեքսանյանն ինձ ինչ է գրել, առավել ևս, որ դրա հետ կապված ոչ մի գաղտնիք չկա: Եսիմ, չգիտեմ, դուք եք որոշում ձեր կոռեկտության չափերը, և ՀՀ քաղաքացիները ձեր ու ձեր գործընկերների ելույթների գնահատականները կտան ու տալիս են»: