Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն փաթեթային է դիտարկում Հայաստանի և Վրաստանի ցանկությունը. Հայաստանի համար կարևոր է, որ որևէ հավելյալ ռիսկեր չառաջանան

ԵՄ-ն փաթեթային է դիտարկում Հայաստանի և Վրաստանի ցանկությունը. Հայաստանի համար կարևոր է, որ որևէ հավելյալ ռիսկեր չառաջանան
Հայաստան
17:13, 17 апрель 2024
Վրաստանի խորհրդարանը սկսել է քննարկել «Օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծը, ինչն առաջացրել է վրացական ընդդիմության զայրույթը, և արդեն մի քանի օր է՝ Թբիլիսիում չեն դադարում հանրահավաքները՝ պահանջով, որպեսզի այդ օրինագիծը հետ կանչեն։ Ընդդիմադիրները նաև կարծում են, որ այս օրինագծի հետևում ռուսական հետք կա։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։ 

«Այսօր Վրաստանում  կա գործընթաց, կա ներքաղաքական պայքար, և ներքաղաքական պայքարի մի մաս է դարձել նաև քաղհասարակության մի զանգվածը, որն ունի արտասահմանյան ֆինանսներ, և այս ամենը իշխանությունների համար ընդունելի չէ։ Մեկ տարի անց նրանք նորից անդրադառնում են այս խնդրին և այսօր ուզում են ամեն գնով այս օրենքը հաստատել։ Սա ես որևէ երկրի հետ չեմ կապում, ես այս ամեն ինչը կապում եմ ներքաղաքական պայքարի հետ, որն ունի իր ազդեցությունը արտաքին գործերի վրա, քանի որ արտասահմանյան գործընկերները դժգոհ են Վրաստանի այս քայլով, իշխանություններն էլ իրենց հերթին ԱՄՆ, ԵՄ երկրների դեսպաններին ասում են, որ եթե Եվրոպայում այսպիսի օրենքներ գոյություն ունեն, և եթե Եվրոպայում կարող են այսպիսի օրենք ունենալ, ապա ինչու Վրաստանում այդպիսի բան ևս չպիտի լինի»,- ասաց վրացագետը։ 

Նա նշեց, որ այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ Վրաստանի խորհրդարանը պետք է օրենքը հաստատի, եթե քվեարկություն լինի։
Վրացագետի կարծիքով՝ վրացական իշխանությունները մտադիր են երկրորդ և երրորդ ընթերցումներով այս օրենքն ընդունել։  
«Նախ ինչքանով մոբիլիզացիան կապահովեն ընդդիմադիր կուսակցությունները, քաղհասարակությունը, ինչպիսի ճնշում կլինի երկրի ներսից և երկրի դրսից իշխանությունների վրա այդ գործընթացում՝ ցույց կտա ժամանակը: Անցյալ տարի իրենք այդ ճնշման ֆոնին հետքայլ արեցին և հանեցին օրենքը։ Ուստի ավելի հասկանալի կլիներ, եթե ընտրություններից հետո սա տեղի ունենար, բայց քանի որ հոկտեմբերին կա ընտրություն, ապա այս ամենը նաև նախընտրական պայքարի մի մասն է, և իմ կարծիքով՝ բոլոր կողմերը, այսօր արդեն կարելի է հստակ ասել, գնացել են վաբանկ, մաքսիմալն անելու են, որ այս պայքարի արդյունքում իրենք կարողանան կապիտալիզացնել  արդյունքը ընտրությունների ժամանակ։ Կամ, ընդդիմության մասով եմ ասում, հասնեն նրան, որ կառավարությունը հրաժարական տա։ Դեռ չեմ լսել, որ նման պահանջներ հնչեն, բայց անցյալ անգամ նման պահանջներ հնչել են»,- ասաց Ջոնի Մելիքյանը։  

Խոսելով նաև Վրաստան-ԵՄ բարդություններից՝ վրացագետն ասաց, որ ֆոնը բարձրացել է, բայց երբ այստեղ խոսում է ԵՄ-ից, խոսքը գնում է որպես տնտեսական կառույց, այստեղ քաղաքական էլեմենտը և կապը, ավելի շուտ՝ աշխարհաքաղաքական էլեմենտն առկա է և գերակա, քանի որ սկսած ոււկրաինական պատերազմից՝ Ուկրաինայի, Մոլդովայի և  հետո Վրաստանի պարագայում անդամակցության բոլոր որոշումները, որոնք կայացվել են Բրյուսելի կողմից, հետո բանակցություններ ԵՄ-ին միանալու, այդ ամենը կախված է ոչ թե այդ երկրների այն մակարդակի բարեփոխումերից և եվրոպական ստանդարտներին համապատասխանելուց, ինչքան Արևմուտք-Ռուսաստան առճակատման ֆոնին այս բարդ աշխարհաքաղաքական պրոցեսներում Բրյուսելի ընտրությունից։   

«Այսօր էլ Բրյուսելը պետք է ընտրություն կատարի, իմ կարծիքով։ Եթե իշխանություններն ընդունեն օրենքը, մարսեն ներքաղաքական այս պայքարը, Բրյուսելը պետք է պրագմատիկ որոշում կայացնի, որ եթե այս իշխանությունները կարողացան այս ամենն անել, կշարունակեն աշխատել, եթե ընտրություններից հետո նույն իշխանությունները վերընտրվեն, ապա պրագմատիկորեն կշարունակեն համագործակցությունը։ Կլինի նոր իշխանություն, նորերի հետ իրենք կամ այդ օրենքը կչեղարկեն, կամ ապագայում շատ տարբեր սցենարներ կարող են լինել։ Իսկ այս պարագայում շատ հստակ է, որ կա պրագմատիզմ, այդ պրագմատիզմից ելնելով Բրյուսելն արձագանքելու է, և Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման     տեսանկյունից կարևոր է, որ Վրաստանը իր գիծը մի կողմից՝ դեպի ԵՄ շարունակի, մյուս կողմից՝ այնպիսի քաղաքականություն վարի Ռուսաստանի նկատմամբ, որ որևէ տնտեսական սպառնալիքներ Վրաստանի նկատմամբ չլինեն։ Այն բալանսավորված քաղաքականությունը, որը Վրաստանը վարում է, Հայաստանի համար ձեռնտու և շահավետ է, քանի որ տնտեսապես կա ակտիվություն, համագործակցություն Ռուսաստանի հետ, և քաղաքականապես այսօր կա ակտիվացող օրակարգ ԵՄ-ի հետ»,- նշեց Ջոնի Մելիքյանը։ 

Վերջինս հավելեց, որ Վրաստանը խնդիր ունի Ռուսաստանի հետ, տնտեսապես Ռուսաստանը լուրջ գործոն է Վրաստանի տնտեսության համար՝ թե՛ տուրիզմի առումով, թե՛ արտաքին առևտրի, թե՛ էներգետիկայի և այլն, ուստի այս պարագայում մեր արտաքին քաղաքական սպառնալիքները, ռիսկերը, հնարավորությունները շատ-շատ նման են այսօր, և Հայաստանի համար կարևոր է, որ որևէ հավելյալ ռիսկեր չառաջանան։ 

Խոսելով նաև այն մասին, թե արդյոք ԵՄ-ն Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա խմբում, որոնք ԵՄ անդամության թեկնածու են, դիտարկո՞ւմ է նաև Հայաստանի թեկնածության հարցը, վրացագետն ասաց. «Մենք տնտեսապես այսօր մասնակցում ենք այդ կառույցին, ուստի այս պարագայում ակտիվացնելով օրակարգը ԵՄ-ի հետ՝ մենք ունենք մեր ուրույն օրակարգը, ՍԵՊԱՆ է, այսօր արդեն նոր բաղադրիչներ են ավելանում։ Առհասարակ Բրյուսելն այս տարածաշրջանը դիտարկում է ոչ թե առանձին երկրներով, այլ ավելի միասնական։ Երկար տարիներ Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, լինելով ասոցացված երկրներ, փորձում էին այդ «3+3»-ից դուրս գալ, մնացյալ երեքի մեջ  մենք ենք, Բելառուսը, Ադրբեջանը։ Այսօր Հայաստանն ասում է՝ մեզ մի համեմատեք այն երկուսի հետ, մենք ևս ունենք ակտիվ օրակարգ, և այս պարագայում այսօր Բրյուսելը, նաև ինչ-որ չափով ունենալով ուրույն օրակարգեր, Հայաստանի ու Վրաստանի հետ առանձին, նաև ինչ-որ չափով ավելի փաթեթային է դիտարկում Հայաստանի և Վրաստանի ցանկությունը՝ ԵՄ-ի հետ ակտիվ համագործակցելու, ուստի տարածաշրջանային այդ մոտեցումը միգուցե կա,»,- ասաց վրացագետը։ 
Ջոնի Մելիքյանը նաև կարևորեց, որ այստեղ Ադրբեջանը չլինի, քանի որ եթե Ադրբեջանին սպասենք, նրա բարեփոխումներին և այլն, ապա կդառնա նույն պատմությունը, ինչը եղավ երկար տարիներ առաջ, երբ որ Ադրբեջանի պատճառով Հայաստանը սպասեց երկու տարի և նոր միացավ ԵԽ-ին՝ 2001 թվականին, իսկ Վրաստանը՝ 1999-ին, երբ որ պատրաստ էր, այդ ժամանակ Հայաստանը ևս պատրաստ էր, բայց ստիպված էր սպասել, քանի որ չէին ուզում առանձնացնել Հայաստանին Ադրբեջանից, բալանսավորված քաղաքականություն կար, և մենք տուժեցինք։ 

«Դրա համար այսօր շատ կարևոր է, որ այդ նույն տարածաշրջանային մոտեցումը չգնա այդ բալանսավորման քաղաքականության, և այն երկիրը, որն ունի ավելի շատ ցանկություն՝ խորացնելու հարաբերությունները, չտուժի այն երկրի պատճառով, որը ժողովրդավարությունից հազար կմ հեռու է և կլասիկ բռնապետական պետություն է։ Ուստի այս պարագայում կա այդ մոտեցումը, որի մասին դուք ասում եք, բայց, միևնույն է, Վրաստանն այսօր թեկնածու երկիր է, ինքն ունի իր օրակարգը, ՍԵՊԱ-ն ունի ստորագրած քաղաքական համագործակցության մասը, որը բավականին լուրջ համապարփակ փաստաթուղթ է, որի իրականացումը ևս շատ կարևոր է, և որի իրականացումը լիարժեք մեզ կբերի եվրոպական ստանդարտների և ավելի կմոտեցնի ԵՄ-ին»,-  եզրափակեց Ջոնի Մելիքյանը։

Լիլիթ Թադևոսյան