Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ընտրվել է վարկաբեկման սխալ մեթոդ». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը Բագրատ Գալստանյանին պաշտպանող հայտարարություն է տարածել

«Ընտրվել է վարկաբեկման սխալ մեթոդ». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը Բագրատ Գալստանյանին պաշտպանող հայտարարություն է տարածել
Հայաստան
20:00, 23 апрель 2024
«Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը» վերնագրի ներքո ի պաշտպանություն Տավուշի թեմի առաջնորդ  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդես է եկել ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Միքայել Համբարձումյանի և ևս մի քանի պաշտոնաթող «պագոնավորներից» կազմված  ՀԿ՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը»։ Ինչն է ուշագրավ. սույն ՀԿ-ն որոշել է իր վրա վերցնել Բագրատ սրբազանին վերագրվող «վարկաբեկիչ տվյալների» հերքման առաքելությունը, հավանաբար այն պատճառով, որ ՀԿ-ի անդամ հանդիսացող որոշ անձինք գուցե  ի պաշտոնե «վարկաբեկիչ տվյալների» հետ աշխատելու փորձ են ձեռք բերել։   

«1. Եթե Բագրատ Սրբազանի կամ ակտիվություն ցուցաբերող մյուս հոգևորականների վերաբերյալ վարկաբեկիչ փաստեր իրականում առկա լինեին, դրանք առ այսօր ինչ-որ կերպ հրապարակված կլինեին, 

2. վարկաբեկիչ տվյալների առկայության դեպքում Բագրատ Սրբազանը, հոգևոր դասի մյուս ներկայացուցիչները նման ազատ ու անկաշկանդ վարքագիծ չէին դրսևորի, դեմ չէին գնա իշխանության վարած քաղաքականությանը, 

3. եթե այլ պետության հատուկ ծառայությունների հետ նրանց համագործակցության վերաբերյալ քիչ թե շատ վկայող տվյալներ լինեին, դրանք վաղուց քննարկման առարկա դարձած կլինեին իրավական տիրույթում, մասնավորապես ԱԱԾ-ում, և պարտադիր կհանրայնացվեին վարկաբեկելու նպատակով»,-մասնավորապես ասված է ՀԿ-ի հայտարարության մեջ։ 

Ինչն է ուշագրավ. այս ՀԿ-ն, որի անդամներից մեկը, կրկնում ենք, երկրիս ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն է եղել 44-օրյա  պատերազմի օրերին, բացահայտում է այն արժեհամակարգը, որով աշխատել է ԱԱԾ-ն՝ տնօրինելով կոմպրոմատների՝ լռեցնել այս կամ այն քաղաքական գործչին կամ անհատին, կաշկանդել նրա ազատ վարքագիծն ու քաղաքացիական դիրքորոշումը։  Ընթերցողը, հավանաբար, կհիշի, թե ինչպես էին այս մեթոդը կիրառում Սերժ Սարգսյանն ու  Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքական իրենց ախոյաններին «շարքից հանելու» համար։

Մասնավորապես ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու նրա տիկինը կվկայեն, թե տեղեկատվական ինչպիսի կեղտոտ արշավ էր սկսել իրենց դեմ իշխանությունը 2017-ին, երբ Օհանյանը որոշել էր մտնել քաղաքական պայքարի մեջ ու ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով դաշինք կազմել Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի հետ։  «Իշխանությունը պետք է փոխվի, որովհետև իշխանության ղեկին գտնվում են մարդիկ, որոնք կազմակերպում են այդ տեղեկատվական տեռորը՝ ընտանիքների և հատկապես կանանց հանդեպ, որոնք ունեն մանկահասակ երեխաներ։ Եվ ես դեռ, եթե անհրաժեշտություն լինի, մամուլով ելույթ կունենամ և կներկայացնեմ որոշակի փաստեր, որոնք կապացուցեին, թե ովքեր են եղել դրա կազմակերպիչները»,- 2017-ի քարոզարշավի ժամանակ հայտարարել էր Ռուզաննա Խաչատրյանն ու հավելել՝ արշավը իրականացվում է  իշխանության կողմից։ 

Արդ,  հատուկ ծառայություններին հատուկ հենց ա՛յս ձեռագրի մասին է, որ խոսվում է հատուկ ծառայության երբեմնի անդամների  հիմնած ՀԿ-ի  հրապարակած «պաշտպանական ճառում»։ 

Ի  դեպ, «այլ պետության հատուկ ծառայությունների հետ»  հոգևոր դասի համագործակցության վերաբերյալ Civic.am-ի  հետ զրույցում հայտարարել էր «Իտալիայում գործող Մշո Սուրբ Կարապետ միաբանության միաբան և «Դիդակտիկ իդել ֆորենինգ» բարեգործական ՀԿ նախագահ Տեր Սահակ քահանա Գալստյանը՝ մասնավորապես նշելով. «Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ՌԴ հատուկ ծառայությունների գործակալներից է. սա ճշգրիտ, ստուգված ինֆորմացիա է»։ Ապա հավելել էր. «Գրիգոր Լուսավորչի աթոռը զբաղեցնող անձը սրբապիղծ է, նա հոգևորական չի։ Նա փոխգնդապետի ուսադիրներ ունի հատուկ ծառայության և դեռ խորհրդային ժամանակներից, ուսանող տարիներից վերբովկա է եղել։ Եվ հենց այդ մի հոգին է գեներացնում բոլոր նմանատիպ գործընթացները Հայաստանում»։  

Եթե բողոք կամ առարկություն ունեն  պարոնայք պաշտոնաթող ԱԱԾ-ականները կամ այլ անձինք, այդ թվում և Մայր Աթոռը, ապա կարող են դատական կարգով վիճարկել  իրենց առնչվող որևէ տեղեկություն։ ՀՀ-ում ժողովրդավարություն է, խոսքի ազատություն, և բոլորը կարող են օգտվել այդ՝ Սահմանադրությամբ իրենց վերապահված ազատությունից։ 

Մի ուշագրավ հանգամանքի վրա էլ ուշադրություն դարձնենք. դատելով  ԱԱԾ պահեստազորի սպաների ընտրած ձևակերպումից՝ «վարկաբեկման սխալ մեթոդ», ստացվում է, որ պրակտիկայում գոյություն ունեն նաև վարկաբեկման «ճիշտ մեթոդներ» կամ՝ «կիսաճիշտ մեթոդներ», մինչդեռ հոգևոր դասի որոշ ներկայացուցիչների դեպքում կիրառվել է «սխալ» մեթոդը։ 
Ինչպես ասում են՝ լեզուն մատնում է մտքինը։   

Նշենք նաև, որ ի պաշտպանություն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի՝ հանդես է եկել նաև Մայր աթոռի տեղեկատվական համակարգը՝մասնավորապես հորդորելով  «դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը միմիայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող մեր հասարակության մեջ»։

Ի դեպ, Բագրատ սրբազանն էլ երեկ ԶԼՄ-ների հետ զրույցում նշել էր. «Ինձ, որևէ հայրենատեր մարդու ծաղրողներն ովքե՞ր են, իշխանության գրչակներն ու էն ամենաստորին աստիճանի մարդիկ, ամենաստորին, իրենց հարբեցողությամբ, իրենց սեռական կողմնորոշումներով, ի՜նչ ուզում եք ասեք, էդ մարդիկ և ադրբեջանցիները։ Իրար հետ ձեռ-ձեռի բռնած, սիրուն մեր վրա ուրախանում են»։

Հարց է ծագում՝ արքեպիսկոպոսին, Աստծու խոսքն ազդարարողին  արդյոք վայե՞լ է իր հոտի ներկայացուցիչ՝ իրեն քննադատողներին  պատասխանելու  համար նրանց անվանել «ամենաստորին աստիճանի մարդիկ», «հարբեցողներ», ակնարկել նրանց սեռական կողմնորոշման մասին, այն դեպքում, երբ Աստծու առաջ բոլորը հավասար են։  

Հ. Մ.