Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանությունը իր մեջ ուժ չգտավ, որ Մարտի 1-ի մեղավորները ցմահ դատապարտվեին. Զոյա Թադևոսյան, 1in.am

«Ներկայումս դատաիրավական համակարգում ամբողջովին նախկին կոռումպացված համակարգի մնացուկներն են: Նրանք եղել են համակարգային կոռուպցիայի ակտիվ մի հատված, մասնակցել են բոլոր տիպի անօրինական դատավարություններին և եղել են նախկին երկու իշխանագող նախագահների բոլոր անօրինական որոշումները դակողները: Այսինքն՝ դա մի հանցավոր խումբ է, որի անունն է երրորդ իշխանություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու 13 տարի անց Մարտի 1-ի գործը չի բացահայտվել:

Մեր զրուցակցի խոսքով՝ նոր իշխանություններն էլ չկարողացան այս համակարգը կարգի բերել և ազատվել այդ դատավորներից. «Նրանք, ովքեր պատասխանատու էին Մարտի 1-ի համար, գտնվում են հրապարակներում և տենչում են իշխանության վերադառնալ: Դա նշանակում է, որ այդ մարդիկ դեռևս հույս ունեն, որ Մարտի 1-ը մարսվելու է, որ մեր ժողովուրդը մոռանալու է այդ դժնդակ օրերը: Սակայն նրանք, լինելով երդվյալ տգետներ, երազներ են հյուսել»:

Զոյա Թադևոսյանը կարծում է, որ այս իշխանությունն իր մեջ ուժ չգտավ, որ Մարտի 1-ի մեղավորները ցմահ դատապարտվեին. «Բայց գալու է այդ իշխանությունը, որն ի կատար է ածելու այդ որոշումը»: