Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը միակ ճանապարհն է, որով Իրանը դուրս է գալիս դեպի ԵԱՏՄ շուկա․ Եթե պետք լինի, Իրանը կգնա խիստ քայլերի․ Թեհրանի հայկական «Արաքս» թերթի խմբագիր

Հայաստանը միակ  ճանապարհն է, որով Իրանը դուրս է գալիս դեպի ԵԱՏՄ շուկա․ Եթե պետք լինի, Իրանը կգնա խիստ քայլերի․ Թեհրանի հայկական «Արաքս» թերթի խմբագիր
Հայաստան
16:30, 14 сентябрь 2021
Civic.am-ի զրուցակիցն է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր, քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանը։

- Պարոն Քեշիշյան, մի քանի օր է Գորիս-Կապան ավտոճանապարհի 12 կմ հատվածում ադրբեջանցի սահմանապահները անցակետ են բացել և ստուգում են Իրանից եկող բեռնատարները, փաստաթղթեր և գումար են պահանջում։ Իրանից դեռ կոնկրետ պաշտոնական արձագանք չի եղել այս իրավիճակին։ Ինչպիսի՞ արձագանք կարող ենք սպասել։

- Բնականաբար, այս հարցը մտահոգում է Իրանին։ Իրանական կողմը այդ հարցից դժգոհ է։ Իրանը չի կարող դժգոհ չլինել, որ ադրբեջանցիներն իր մեքենաները ստուգում են։ Երեկ արտգործնախարարության խոսնակը հստակեցրել է, որ Իրանը կարևորում է  հարևանների հետ, Հայաստանի հետ իր հարաբերությունները, դա իր համար մնում է որպես հատուկ և կարևոր օրակարգ։  Բայց բացի այս արձագանքը, պաշտոնական որևէ արձագանք դեռևս չի եղել։ Սակայն վստահաբար արձագանք պետք է լինի, որովհետև Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները Իրանի տրանսպորտային հնարավորությունների վրա ճնշելու միջոց է։ Երեկ անգամ Ադրբեջանի ազգային ճակատի ներկայացուցիչներից մեկը փաստորեն սպառնաց Իրանին, թե Իրանը պարտավոր է ավելի զգուշավոր վարվել Հայաստանի դեպքում, քանի որ իրենք Հայաստանի հետ դեռ հաշտության չեն եկել։ Իրանը շատ լավ հասկանում է, որ այս հարցով Ադրբեջանը միայն Հայաստանին չի ճնշում, այլև այդ ճնշումը տարածվում է Իրանի վրա։ Հասնա Գուլիևի հայտարարությունը խոսում է այն մասին, որ իրենք իրենց համար հեռահար ծրագրեր ունեն՝ Իրանը տանել քայքայման և, հասկանալով այդ ամենը, իրանական կողմը չի կարող անտարբեր մնալ, վստահաբար քայլեր կձեռնարկի՝ այս հարցերին վերջակետ դնելու համար։ Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ կլինի, բայց հստակ է, որ Իրանը չի կարող լուռ մնալ և որոշակի քայլերի չդիմել։ 

-Այսինքն, ամեն դեպքում առաջիկայում Իրանից կլինի պաշտոնական արձագանք ադրբեջանական սադրանքներին։

-Արձագանք լինելու է, քանի որ, ինչպես ասացի, այս խնդիրը խանգարում է Իրանին։ Իրանը ձգտում է ԵԱՏՄ-ի հետ իր հարաբերությունները զարգացնել, իսկ Հայաստանը միակ ճանապարհն է, որով Իրանը դուրս է գալիս դեպի ԵԱՏՄ շուկա։ Այս փաստը, դրա վերաբերյալ խոչընդոտներն անհանգստացնող են և Իրանը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի՝ դրանց լուծում տալու համար։ Թե այդ քայլերը որքան կոշտ կլինի, այս պահին չեմ կարող ասել։

-Նաև Իրանի նկատմամբ ճնշում գործադրելով՝ քաղաքական առումով Ադրբեջանը ի՞նչ խնդիր է լուծում։


-Չպետք է մոռանալ տարածաշրջանում և Թուրքիայի, և Ադրբեջանի խաղացած դերակատարությունը։ Նամանավանդ՝ Իսրայելի հայտնվելը Ադրբեջանում։ Դա լարում է իրանական կողմին և Իրանը չի կարող դրանց նկատմամբ լուռ մնալ։ Իսկ Ադրբեջանը ձգտում է Իրանին ճնշելու համար օգտագործել Իրանում իր ունեցած միջոցները՝ ադրբեջանախոս զանգվածին, որը Իրանում մեծ թիվ է կազմում և նրանք մեծ  հույսեր են փայփայում, որ Իրանի հյուսիսարևմտյան տարածաշրջանում, Իրանի Ատրպատական  նահանգները, որը հսկայական տարածքներ են, պետք է բաժանեն Իրանից և կցեն Ադրբեջանին։ Իրանը, բնականաբար, դրան չի կարող համաձայնել, բայց Ադրբեջանը իր բոլոր հնարավոր միջոցներով փորձում է հասնել իր նպատակին՝ ցանկացած առիթ օգտագործելով Իրանում խժդժություններ, անախորժություններ առաջացնելու համար։ Բայց դա աննկատ չի կարող մնալ։ Իրանը որոշակի քայլեր ձեռնարկում է։ Իրանը քայլեր կձեռնարկի իր երկրի անվտանգությունը և ամբողջականությունը պահպանելու համար։ Եթե պետք լինի, Իրանը կգնա խիստ քայլերի ու խիստ պատասխաններ կտա Ադրբեջանին։

-Այս ֆոնին առաջիկայում կարո՞ղ ենք լուրջ զարգացումներ սպասել։


-Թուրքիայի՝ Աֆխանստանում և շրջակա երկրներում, Սիրիայում հայտնվելու փաստը, ինքըստինքյան, Իրան-Թուրքիա հարաբերությունները որոշակի փոփոխությունների է ենթարկում, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ է բերում՝ լարման և առճակատման է տանում Իրանին, Թուրքիային ու Ադրբեջանին՝ որպես Թուրքիայի փոքր եղբայր։ Բնականաբար սպասելի են որոշակի փոփոխություններ։ Ես, իհարկե, չեմ հավատում, որ դա մոտ ապագայում կլինի, բայց  արդեն իսկ առաջացած խնդիրները նոր խնդիրներ կառաջացնեն և կբարդացնեն Թուրքիա-Իրան-Ադրբեջան հարաբերությունները։ Սպասելի է, որ որոշակի բարդությունների ականատես կլինենք։