Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը պետք է պարզի՝ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ. Վարչապետը՝ COVID-ից մահվան թվերի վիճակագրական տարբերությունների մասին

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կառավարության հերթական նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց հանրապետոթյունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և նկատեց, որ պատկերը բավականին բարելավվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով նախարարին, հետաքրքրվեց. «Տիկին Ավանեսյան, իսկ մենք մահվան թվերի վիճակագրական տարբերությունների հետ կապված որևէ եզրակացության հանգե՞լ ենք, թե՞ դեռ շարունակում ենք ուսումնասիրությունը»:

Ի պատասխան Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ուսումնասիրությունները շարունակվում են. «Ամբողջական պատկերը ունենալու դեպքում կհրապարակենք և հանրությանը մանրամասն կտեղեկացնենք»:

Նախարարի խոսքով՝ «Արմեդ» համակարգի կողմից ժամանակի ընթացքում որոշ տվյալներ չեն ներառվե, բայց դրանք թափանցիկ կերպով ցուցադրված են ԱՎԾ-ի ընդհանուր վիճակագրական տվյալներով:

Դիմելով գլխավոր դատախազին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երբ կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձնարարել եմ, որ ամեն դեպքում դատախազություն էլ ուղարկվի, որովհետև սկզբունքային կարևոր հարց է պարզել՝ այդտեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ճիշտ կլինի, որ դատախազությունը պարզի, և այս հարցի հստակ պատասխանն ունենանք»: