Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի հետ կապված պատկերը բարելավվել է. հոսպիտալացված 2349 քաղաքացիներից ընդամենը 87-ն է պատվաստված. Անահիտ Ավանեսյան

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված նկատվում է մեղմացում. «Սակայն, ինչպես գիտեք, նոր շտամ է հայտնաբերվել՝ օմիկրոն անվանումով, և չնայած Հայաստանում դեռևս այդ շտամով վարակվածության դեպք չի հայտնաբերվել, բայց դեռևս պարզ չէ պատվաստանյութերի ազդեցությունն այդ շտամի վրա, և թե ինչպես կտանեն հիվանդացած մարդիկ այդ նոր շտամը: Ուստի մեր զգոնությունը չպետք է թուլացնել որևէ կերպ»:

Նրա խոսքով՝ պատվաստանյութի երկու դեղաչափը ընդունած ՀՀ քաղաքացիների շեմը մոտենում է 500 հազարի:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց, որ նոր շտամի առնչությամբ դեռևս ուսումնասիրություններ են անցկացվում. «Մի բան պարզ է՝ պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ և միակ միջոցը հիվանդության դեմ պայքարելու համար»: 

Նախարարը նշեց, որ առաջին դեղաչափը ստացել է 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների 40 տոկոսը, իսկ 2-րդ դեղաչափը՝ 23.9 տոկոսը:  «Հիվանդացության առումով մեզ մոտ բարելավվել է պատկերը. այսօր գրանցվել է 558 նոր դրական դեպք, իրականացվել է 9013 թեստավորում, և, ցավոք, ունենք 21 մահ: Այս պահի դրությամբ ունենք 12.465 ակտիվ դեպք, որոնցից պատվաստված է 1066-ը՝ 8.6 տոկոս, և հոսպիտալացված 2349 քաղաքացիներից ընդամենը 87-ն է պատվաստված»: