Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապատեղեկատվություն է՝ պատվաստումները չեն ազդում վերարտադրողական առողջության վրա. Անահիտ Ավանեսյան

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կորոնավիրուսի իրավիճակին, նշեց. «Մենք բարեբախտաբար թվերի լուրջ անկում ունենք, և հիմա առողջապահության նախարարությունը մտածում է ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին»:

Վարչապետը թվերի նվազումը բացատրում է և դպրոցական արձակուրդների երկարացմամբ, և պատվաստվածների թվաքանակով. «Այսօր երկու լիարժեք պատվաստում անցած քաղաքացիների շեմը հատել է 400 հազարի շեմը: Սա շատ լավ նորություն է, բայց մեր զգոնությունը չպետք է թուլացնենք, քանի որ վիրուսն անընհատ մուտացիայի է ենթարկվում»:

Վարչապետը նշեց, որ այլ երկրների հետ համեմատած՝ կորոնավիրուսը վատ չի կառավարվել, և կոչ արեց կեղծ պատվաստումների չդիմել:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց, որ երեկվա դրությամբ գրանցվել է 592 դրական դեպք, ցավոք, մահացել է 40 քաղաքացի. «Մահվան թվերը, ցավոք սրտի, նվազում են ալիքի նվազումից 2-3 շաբաթ հետո»:

Նախարարը ընդգծեց, որ 1 մլն 168 հազար 501 պատվաստումից որևէ հիշատակման արժանի բարդության դեպք չի արձանագրվել: «Մենք իրականացնում ենք այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց 6 ամիսն արդեն լրացել է առաջին երկու դեղաչափը ստանալուց հետո»,- նշեց Անահիտ Ավանեսյանը և հավելեց, որ պատվաստվածների միայն 3.6 տոկոսն է վարակվել:

Նրա խոսքով՝ ապատեղեկատվական մանիպուլյատիվ բամբասանքներ են այն լուրերը, թե պատվաստումներն ազդում են վերարտադրողական առողջության վրա: