Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օտարերկրյա ընկերությունների համար առաջարկվում է լիցենզավորման պարզեցված ընթացակարգ. փոխնախարար

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նշեց, որ ներկայումս նախատեսված են լիցենզավորվող գործունեության 78 տեսակներ, որոնցից 45-ի համար սահմանված է վայրի պահանջ, 20-ի համար նախատեսվում են բացառություններ. «Արդյունքում սույն կարգավորումը տարածվելու է լիցենզավորվող գործունեության 13 տեսակի համար: Նախագծի համար որպես թիրախ ընտրվել են առավել զարգացած, քիչ ռիսկային երկրները, ինչպես նաև հարևան երկու պետությունները»:

Փոխնախարարի խոսքով՝ նախագծի ընդունմամբ կբարելավվի գործարար միջավայրը, և օտարերկրյա ընկերությունները կկարողանան Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնել՝ լիցենզավորվելով պարզեցված ընթացակարգով:

Ինչպես նշեց տիկին Իսպիրյանը, գլխադասային հանձնաժողովում հարցեր են բարձրացվել, ուստի նա առաջարկեց նախագիծն ընդունել 1-ին ընթերցմամբ, իսկ 2-րդ ընթերցումը թողնել հունվարից հետո՝ այդ հարցերը քննարկելու համար: