Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էկոնոմիկայի փոխնախարարը խոստացավ ուսումնասիրել օբսիդիանի արտահանումով զբաղվողների խնդիրները և լուծում գտնել

Այսօր Ազգայի ժողովի արտահերթ նիստում, երբ քննարկվում էր Լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը, ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հարց ուղղելով հիմանական զեկուցող էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանին, ասաց, որ սա խիստ կարևոր նախագիծ է օտարերկրյա ներդրողների և օտարերկրյա տնտեսվարողների համար, սակայն իր հարցը փոքր ինչ շեղվում է բուն հարցից, բայց խիստ կարևոր է տեղական արտադրողների համար։
 
«Ձեր ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել օբսիդիան արտադրող ընկերությունների խնդիրների վերաբերյալ՝ նույն լիցենզավորման հետ կապված։ Մասնավորապես, կան մի քանի տասնյակ արտադրողներ, որոնք ցավոք չեն կարողանում այլևս օրինական հանքարդյունաբերողից գնել օբսիդիան, պատճառն այն է, որ լիցենզավորված ընկերությունները, որոնք օբսիդիան էին արդյունահանում, այլևս այդ դաշտը չեն զբաղեցնում, դուրս են եկել, չեն շարունակում տնտեսվարումը՝ պատճառաբանելով, որ շահավետ ոլորտ չի։ Բայց արտադրողներին օգնել է պետք և արտադրողը արտադրանքը արտահանում է, և խիստ կարևոր է ձեր մոտեցումը, որպեսզի օգնենք տեղական արտադրողներին՝ այս խնդիրը լուծելու համար», -ասաց Սերգեյ Բագրատյանը։

Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ իրենց մոտեցումը հենց դրանում էլ կայանում է՝ օգնել և ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի տեղական ընկերությունները լինեն մաքսիմալ արդյունավետ, ունենան մաքսիմալ մրցակցային  առավելություններ։
«Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, կարծում եմ՝ այս կարգավորումներով չէ այդ հարցը լուծվում, բայց իհարկե հարցը կուսումնասիրենք և լուծումը կգտնենք»,-ասաց Անի Իսպիրյանը։