Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևի դեպքում նպատակը պարզ է, բա ձեր նպատակը ո՞րն է. ինչո՞ւ եք ադրբեջանական կեղծիքը տարածում. Գևորգ Պապոյանը՝ Թագուհի Թովմասյանին

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը իր ելույթում հայտարարեց, որ ապշել կարելի է խորհրդարանական ընդդիմության որոշ ներկայացուցիչների դրսևորած գործելաոճից. «Մասնավորապես տիկին Թովմասյանը այսօր ՀՀ Ազգային ժողովում հնչեցրեց մի անհեթեթ, ստահոդ, ՀՀ պետական շահերի դեմ գործելու նպատակով ի սկզբանե արտաբերված, իրականության հետ որևէ կապ չունեցող միտք, որը մինչ այդ հնչեցրել էր մեկ հոգի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը»:

Նա նկատեց, որ Ալիևի դեպքում նպատակը հասկանալի է. «Բա ձեր դեպքում ի՞նչն է, ինչո՞ւ եք կրկնում էն սուտը, որը ՀՀ պետական շահերի դեմ է, ինչո՞ւ եք փորձում ստանձնել Ալիևի փաստաբանի, Ալիևի թարգմանչի դերը և ԱԺ դահլիճում հնչեցնել միտք, որին հետևում են ՀՀ քաղաքացիները, միջազգային հանրությունը: Ի՞նչ նպատակներով եք տարածում ադրբեջանական նարատիվներն ու ադրբեջանական կեղծիքը, որը ամենայն հավանականությամբ կստանա միս ու արյուն և տարբեր միջազգային ատյաններում ևս կհնչի, և պարոն Կիրակոսյանը ստիպված է լինելու այդ անհեթեթությունները ջախջախել»:

Պատգամավորը հույս հայտնեց, որ հնչեցված մտքերը չեն եղել միտումնավոր, այլ եղել են չգիտակցված: