Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հազարավոր զոհեր, փախստականներ` սա Ուկրաինան չէր, սա Արցախն էր, որի վրա աշխարհը թքած ուներ. ֆրանսիացի լրագրող

Հազարավոր զոհեր, փախստականներ` սա Ուկրաինան չէր, սա Արցախն էր, որի վրա աշխարհը թքած ուներ. ֆրանսիացի լրագրող
Հայաստան
14:00, 10 март 2022
Այս գիշեր կրկին Արցախի 110,000 հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ քնել են ցրտին, քանի որ ադրբեջանցիները հրաժարվում են վերանորոգել կամ թույլ տալ վերանորոգել իրենց իսկ կողմից Շուշիի մերձակայքում վնասված գազատարը։ Այս մասին իր թվիթերյան հաշվում գրել է  ֆրանսիացի լրագրող Քրիստոֆ Բյուսոնը։   

«Անցած գիշեր էլ Արցախի Խրամորթի շրջակա դաշտերը մի քանի անգամ հրետակոծելուց հետո ադրբեջանցիներն այսօր առավոտյան կրակել ու մեջքից վիրավորել են այգում աշխատող խաղաղ բնակչի: Ո՞վ կդատապարտի այս բազմիցս կրկնվող հարձակումները»,- գրել է ֆրանսիացի լրագրողը:

Լրագրողն իր թվիթերյան հաշվի վերջին մի քանի գրառումը նվիրել է Արցախին ու արցախահայերին: Նա զարմանում է միջազգային հանրության  դրսևորած քար լռությունից` Արցախյան 44 օրյա պատերազմի և դրան հաջորդող իրադարձությունների ընթացքում, իսկ Ուկրաինայի դեպքում բոլորն անհանգստանում, գնահատականներ և օգնություն են հատկացնում:

Նա իր մեկ այլ գրառմաման մեջ էլ գրել է.

«Զինվորական համազգեստով նախագահը, ով իր ժողովրդի հետ մնաց, որ պաշտպանի իր երկիրը, տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ, ովքեր դարձան փախստական, հազարավոր զոհեր: Սակայն սա Ուկրաինան չէ, սա 2020 թվականին Արցախն է։ Այդ ժամանակ լրագրողներից քչերն էին հետաքրքրվում դրանով, իսկ ամբողջ աշխարհին ընդհանրապես թքած ուներ այդ ամենի վրա»: