Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնում է Ներքին Հանդ․ ՀՀ ՄԻՊ

Այս պահին ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնում է Ներքին Հանդ․ ՀՀ ՄԻՊ
Հայաստան
13:30, 17 март 2022
«Ես ապրիլի սկզբին այց եմ պլանավորում Սյունիք, սակայն այս ընթացքում պլանավորմանը զուգընթաց եթե ահազանգեր լինում են մեր արագ արձագանքման խմբերը մեկնում են։ Ես այցի արդյունքներով բնականաբար կկիսվեմ հանրության հետ»,-այսօր՝ մարտի 17-ին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ այս պահին ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը ճանապարհին է՝ գնում են Ներքին Հանդ ծանոթանալու իրավիճակին՝ բնակիչների կյանքի, անվտանգության հետ կապված խնդիրներին:

Անդրադառնալով Արցախ այցին՝ ՀՀ ՄԻՊ-ը նշեց, որ այցի ընթացքում հանդիպել է Արցախի նախագահին, պետական նախարարին, Արցախի ՄԻՊ-ին, Արցախի գլխավոր դատախազին և Արցախի ԱԺ ներկայացուցիչներին՝ այդ թվում և ֆրակցիաների և հանձնաժողովների նախագահներին․ «Այցի ընթացքում հնարավորություն եմ ունեցել այցելելու Խրամորթ գյուղ՝ հանդիպելու բնակիչների հետ։ Իմ այցի ժամանակ դեռևս երկու շաբաթ էր ինչ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից բարձրախոսներով հոգեբանական ճնշում ստեղծելու գործընթացը սկսվել էր կիրառվել։ Պետք է ասեմ, որ շատ խիստ մտահոգիչ էր այն իրավիճակը, որ տեսա այնտեղ։ Իմ այցից հետո շատ ավելի լուրջ զարգացումներ եղան՝ մեծ տրամաչափի զենքերից ինտեսիվ կրակոցներ։ Այս ամենը գազի անջատման ու էլեկտրաէներգիայի անընդհատ ընդհատման պայմաններում՝ անտանելի հումանիտար պայմաններ ստեղծելով»։ 

Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ Արցախում առիթ է ունեցել հանդիպելու նաև տեղահանված բնակիչներին ժամանակավոր բնակության կացարանում՝ Ստեփանակերտում․ «Այդպիսի կացարանները մի քանիսն են, տեսել եմ ինչպիսի պայմաններում են մարդիկ ապրում։
Գոհացուցիչ է, որ Արցախի իշխանության կողմից այս ընթացքում իրականացվում է բնակարանաշինության մեծածավալ ծրագիրը»,-ասաց նա ու հավելեց, որ Արցախում առկա են զբաղվածության, սոցիալական ինտեգրման, երեխաների ադապտացման խնդիրներ։