Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ հայտարարությունից 25 օր առաջ այդ համակարգն աշխատում էր և վստահ եմ՝ մարդիկ նույն ձևով արթնացել են և իրենց կյանքում շատ բան չի փոխվել»․ քաղաքապետ

«Իմ հայտարարությունից 25 օր առաջ այդ համակարգն աշխատում էր և վստահ եմ՝ մարդիկ նույն ձևով արթնացել են և իրենց կյանքում շատ բան չի փոխվել»․ քաղաքապետ
Հայաստան
14:23, 25 июль 2022
«Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի: Այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտություն կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում»,- այս մասին հուլիսի 23-ին ֆեյսբուքի իր էջում հայտնել էր Երևանի քաղաքապետ Հարչյա Սարգսյանը: 

Civic.am-ը, հաշվի առնելով քաղաքացիների բուռն արձագանքը նշված գրառման վերաբերյալ՝ օրինակ, թե ինչու պետք է Երևանի քաղաքապետը որոշի իրենց արթնանալու ժամը, քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանից հետաքրքրվել էր՝ ի՞նչ բարձրությամբ է հնչում երաժշտությունն ու արդյոք հաշվի առնվել է մոտակա շենքերում բնակվող մանկահասակ երեխաների ու հերթափոխով աշխատողների հարցը։  

«Խոսքը վերաբերում է ընդամենը վարչական շրջանների վրա դրված փոքր բարձրախոսներին։ Գործակարգավարական նիստի սկզբում քաղաքապետն այդ մասին խոսել է, այլևս մեկնաբանություն չկա»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Լևոն Սարդարյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի աշտարակում յուրաքանչյուր ժամը մեկ՝ 3-4 վայրկյան տևողությամբ հնչում է Էրեբունի Երևանի հիմնը՝ երաժշտությունը Էդգար Հովհաննիսյանի, բառերը՝ Պարույր Սևակի․ «Եվ վարչական շրջաններում տեղադրվել է համակարգ, որտեղ այդ նույն ղողանջները ժամը մեկ հնչում են։ Ես կարծում եմ, որ սա քաղաքին լավ կոլորիտ կհաղորդի։ Ինչ վերաբերում է, որ այդ զանգերը խանգարում են տարբեր մարդկանց, որ առավոտյան ժամը 7-ից արթնացնում են, կցանկանայի նշել, որ իմ հայտարարությունից 25 օր առաջ այդ համակարգն աշխատում էր և վստահ եմ՝ իմ հայտարարությունից հետո մարդիկ նույն ձևով արթնացել են և իրենց կյանքում շատ բան չի փոխվել»։