Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքով ճանապարհ կարող ենք տալ միայն ՀՀ-ի կողմից անձնագրային և մաքսային ստուգման ընթացակարգերով. Էդմոն Մարուքյան

Սյունիքով ճանապարհ կարող ենք տալ միայն ՀՀ-ի կողմից  անձնագրային և մաքսային ստուգման ընթացակարգերով. Էդմոն Մարուքյան
Հայաստան
14:31, 02 сентябрь 2022
Ակնհայտ է, որ բարդ քննարկումներ են եղել, բազմաթիվ հարցերում չի եղել համաձայնություն, հակառակ դեպքում դրանք տեղ կգտնեին Միշելի հայտարարության մեջ։ Պարզ է, որ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բովանդակային քննարկում ևս չի եղել, միայն  ձեռք է բերվել նոյեմբերին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ների մակարդակով բանակցությունները շարունակելու պայմանավորվածություն։ Պետրոս Ղազարյանի  հետ հարցազրույցում ընդհանուր այսպես է գնահատել  Ալիև-Փաշինյան-Շառլ Միշել բրյուսելյան  հանդիպումը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ 

«Համաձայնություն չկա, բայց կարևորն այն է, որ կա գործընթաց, ունենք հնարավորություն՝ խոսելու խաղաղության օրակարգի շուրջ և այդպիսով խուսափելու նոր արհավիրքներից»,- ընդգծել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը։ 

Մարուքյանի դիտարկմամբ՝ միայն խաղաղության պայմանագրի շուրջ նախատեսված առարկայական քննարկումների ընթացքում պարզ կլինի՝ Ադրբեջանը ի՞նչ պահանջներ է առաջ քաշում, արդյոք վերահաստատո՞ւմ է վեց ամիս առաջ ներկայացրած փաստաթուղթը, թե՞ այլ տարբերակ է առաջադրում, ինչպե՞ս  են վերաբերվում Հայաստանի պատասխան-առաջարկին։ «Այնուամենայնիվ, մեր մոտեցումը հետևյալն է. գնալ խաղաղության հնարավորության հետևից և հասնել  դրան,  և, ինչպես նշել է Շառլ Միշելն իր խոսքում, այդ առումով կարևոր է, որ երկու երկրների հասարակություններին հետևողականորեն պատրաստեն խաղաղության»,- նշել է նա։

Անդրադառնալով քննադատություններին, թե անդրադարձ չկա Արցախին և ոչ էլ կոմունիկացիաների ու միջանցքի բացմանը՝ Մարուքյանը նախ ընդգծել է, որ միջանցքի մասին քննարկում գոյություն չունի: «Մենք չենք մտնում միջանցքային տրամաբանության որևէ  քննարկման մեջ։ Հայաստանն ասել է, որ պատրաստ է ճանապարհները բացել երեք ուղղությամբ, և արդեն շրջանառության մեջ է դրվել երեք անցակետեր դնելու մասին օրինագիծը։ Ինչ վերաբերում է իրենց պատկերացրած ճանապարհին, Հայաստանի մոտեցումը հետևյալն է. մենք կարող ենք ճանապարհ տալ, ՀՀ օրենսդրության համաձայն, անձնագրային և մաքսային ստուգման ընթացակարգերով, բայց Ադրբեջանն այդ հարցում համաձայնության չի գալիս և շարունակում է տարբեր հարթակներում ու առիթներով բարձրացնել միջանցքի հարցը, ինչը Հայաստանի համար չի կարող ընդունելի լինել»,- ասել է նա։ 
 
Ինչ վերաբերում է Արցախի հարցին անդրադարձի բացակայությանը, Մարուքյանի պարզաբանմամբ, դա պայմանավորված է նրանով, որ հարցի վերաբերյալ որևէ  համաձայնություն չի եղել, բայց այն, որ Լեռնային Ղարաբաղի մասին խոսվել է, հստակ նշված է Կառավարության հաղորդագրության մեջ։ «Արցախի հարցը չի կարող չքննարկվել, որովհետև դա է ֆունդամենտալ խնդիրը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և խաղաղության հասնելու հարցում»,- ընդգծելէ  Մարուքյանը։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի, որ Ռուսաստանը  բրյուսելյան հանդիպումը կեղծ է որակել, նա պատասխանել է, որ դա արդյունք է ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված Արևմուտք-Ռուսաստան  հարաբերությունների կտրուկ սրման, որի հետ, սակայն, Հայաստանը որևէ կապ չունի. «Ռուսաստանը տեղյակ է մեր օրակարգից։ Հայաստանը  ՌԴ-ի հետ չհամաձայնեցված, որևէ գաղտնի օրակարգ չունի և նպատակ էլ չունի որևէ երկրի թիկունքում նրա դեմ բանակցություններ վարել:  Զարմանալի է՝ ինչու է այդպես արձագանքում Ռուսաստանը, հավանաբար թերահավատորեն է վերաբերվում բրյուսելյան հարթակին, բայց եթե չկա երկխոսություն, մենք ստանալու ենք պատերազմ, լարվածություն։ Այդ համատեքստում է նաև, որ անկախ ստեղծված իրավիճակից՝ մենք պնդում ենք, որ Արցախի հարցը պետք է քննարկվի Մինսկի խմբի հարթակում»,- նշել է Մարուքյանը։ 

Թամարա Ղազարյան