Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հուսով ենք, որ մյուսներն էլ շուտով կվերադառնան իրենց տները». ԱՄՆ-ը և ԵՄ-ն ողջունել են Ադրբեջանից 5 հայ զինծառայողների վերադարձը Հայաստան

«Հուսով ենք, որ մյուսներն էլ շուտով կվերադառնան իրենց տները». ԱՄՆ-ը և ԵՄ-ն ողջունել են Ադրբեջանից 5 հայ զինծառայողների վերադարձը Հայաստան
Հայաստան
11:11, 09 сентябрь 2022
ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է Ադրբեջանի կողմից հինգ հայ զինծառայողների հանձնումը Հայաստանին։ Այս մասին Twitter-ում գրել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

 «Մենք ողջունում ենք հայ զինծառայողների վերադարձի մասին լուրը, ինչը դրական իրադարձություն է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի համար: Հուսով ենք, որ մնացած բոլոր պահված անձինք շուտով կվերադառնան իրենց տները, և որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման և գոյություն ունեցող տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Պետդեպի մամուլի քարտուղարը։

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից հինգ հայ զինծառայողների հանձնումը Հայաստանին մարդասիրական կարևոր ժեստ է։

«Ողջունում ենք օգոստոսի 31-ին Բրյուսելում առաջնորդների հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից հինգ հայ զինծառայողներին հանձնելու մասին լուրը: Սա կարևոր մարդասիրական ժեստ է: Հատկանշական է նաև, որ հանձնումն իրականացվել է առանց միջնորդների»,- գրել է Կլաարը Twitter-ում: