Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կաթողիկոսներն իրենց մտահոգությունները պետք է հայտնեին, երբ 30 տարի շարունակ զենքի փոխարեն դղյակներ էին կառուցվում. Արմեն Չիբուխչյան

Կաթողիկոսներն իրենց մտահոգությունները պետք է հայտնեին, երբ 30 տարի շարունակ զենքի փոխարեն դղյակներ էին կառուցվում. Արմեն Չիբուխչյան
Հայաստան
12:43, 19 октябрь 2022
«Կաթողիկոսները, որ այդ մտահոգությունները հիմա արտահայտում են, դրանք իրենք պետք է 30 տարի շարունակ արտահայտեին, երբ զենքի փոխարեն դղյակներ էին կառուցվում, երբ մարդկանց խոսքի իրավունքն էր ճնշվում, ազատություններն էին ճնշվում։ Իսկ եկեղեցին իր բնույթով 21-րդ դարում պետք է լինի ժողովրդավարական կառույց, պետք է լինի ազատությունները պաշտպանող կառույց, մարդասեր կառույց։ Եկեղեցին ընդհանրապես պետք է չզբաղվի քաղաքականությամբ։ Շատ ավելի լավ, որ եկեղեցին հենց այս ձևով չի մասնակցում, որովհետև մեր եկեղեցին, ցավոք սրտի,  քաղաքականացված է։ Գաղտնիք չէ, որ Անթիլիասի թեմը դաշնակցականների ազդեցության տակ է»,- Civic.am-ի հետ զրույցում, խոսելով Արամ Ա և Գարեգին Բ կաթողիկոսների՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու մասին, ասաց Լոս Անջելեսում բնակվող քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը։ 

Մեր զրուցակիցը նշեց, որ իր խորին համոզմամբ՝ ընդհանրապես ամբողջ աշխարհի դաշնակցականները, գրեթե բոլոր երկրներում, ծառայում են Կրեմլին, և նույնը վերաբերում է Անթիլիասի թեմին, իրենք ունեն քաղաքական կողմնորոշում՝ արտաքին քաղաքական կողմնորոշում, ու դա իր համար գաղտնիք չէ։

Նա հավելեց, որ նույնը վերաբերում է Հայաստանի Առաքելական եկեղեցուն։ «Ես, լինելով Հայաստանյան Առաքելական եկեղեցու հետևորդ և հավատացյալ մարդ, այո, համարում եմ, որ կան շատ լավ հոգևորականներ, ազնիվ, մաքուր, բայց եկեղեցին պետության մեջ գտնվող մի մարմին է և չի կարող զերծ մնալ այն բոլոր պրոցեսներից՝ լավ, թե վատ, որ տեղի են ունեցել վերջին 30 տարում Հայաստանում։ Ես պետք է պարզ ասեմ. Խորհրդային Միության տարիներից, քանի որ եկեղեցին ուներ ազդեցության բավականին լուրջ լծակ, եկեղեցին միշտ ողողված է եղել գաղտնի գործակալներով, և, ցավոք սրտի, Խորհրդային Միությունից հետո եկեղեցին չմաքրվեց»,- ասաց Արմեն Չիբուխչյանը և ավելացրեց, որ եկեղեցին նույնպիսի լյուստրացիայի կարիք ունի, որքան բոլոր պետական մարմինները։ 

Կաթողիկոսների հայտնած դիրքորոշումը մեր զրուցակիցը կապում է Հայաստանի իշխանությունների այն քաղաքականության հետ, որը Հայաստանն աստիճանաբար փորձում է կտրել Ռուսաստանից, և իրենց դիրքորոշումն էլ համապատասխանաբար արտահայտվում է այս բոյկոտով։  

Խոսելով նաև Դաշնակցության ազդեցության մասին՝ Արմեն Չիբուխչյանն ասաց. «Սփյուռքում դաշնակցականներն ունեն եթե չասեմ՝ զրո ազդեցություն, ապա ամբողջ Սփյուռքի անգամ մեկ կամ երկու տոկոսն իր ազդեցությունը չունի մեզ պես հասարակ մարդկանց վրա։ Բայց տարիներ շարունակ Դաշնակցությունը կարողացել է, գուցե ԿԳԲ-ի օգնությամբ, գուցե ինքնուրույն, բիզնես կապեր հաստատել ամերիկյան էլիտայի որոշ մասի հետ և գուցե կարողացել է ընտրություններում իրենց օգնել, աջակցել։ Այստեղ ուղղակի իրենց հաջողվել է ստեղծել կապեր։ Իրենք մի ձեռքով օգնել են օրինակ՝ դեմոկրատներին, դեմոկրատները աչք են փակել, որ իրենք զուգահեռաբար ծառայում են Կրեմլին»։

Նա նշեց, որ քանի դեռ Ցեղասպանության հարցը բաց էր, ԱՄՆ-ը չէր ճանաչել, ԱՄՆ-ում հանդուրժում էին այդ ամեն ինչը, և կարևորում էին Հայ Դատի գործոնը, որովհետև իրենք իրենց ճնշման գործիքն ունեին Թուրքիայի նկատմամբ և Դաշնակցության հիմնական առաքելությունը համարում էին Ցեղասպանության հարցի բարձրացումը։ 

Լիլիթ Թադևոսյան