Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ առեղծվածային հանգամանքներում մահացան Հոկտեմբերի 27-ի առանցքային վկաներն ու ոճրագործներից ոմանք

Ինչ առեղծվածային հանգամանքներում մահացան Հոկտեմբերի 27-ի առանցքային վկաներն ու ոճրագործներից ոմանք
Հայաստան
14:38, 27 октябрь 2022
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության վկաների շարքում էին լրագրողներ, պետական պաշտոնյաներ, ԱԺ աշխատակիցներ, որոնցից ոմանք կյանքից հեռացան վաղաժամ:

Քրեական գործով անցնող վկաներից ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը, ով տեղափոխվել էր ԱՄՆ` մահացավ ավտովթարից  2004թ. սեպտեմբերի 1-ին: 

Ազգային ժողովի արձանագրային բաժնի աշխատակցուհի Հասմիկ Աբրահամյանը ինքնասպան եղավ 2004թ. Ազգային ժողովի շենքում: Նրան գտել էին կախված: 

2002թ.-ին իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ, 36-ամյա Տիգրան Նաղդալյանը: Նրա սպանության համար մեղադրվել եւ դատապարտվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը: 

2014 ԱՄՆ-ում մահացավ 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկը` 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը: Ըստ շրջանառվող լուրերի նրա մահվան պատճառը` քաղցկեղն էր: 

Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը գործով կալանավորված անձանցից մեկն էր, ով ազատ արձակվեց և մահացավ 2004թ. սեպտեմբերի 18-ին: Նա մայիսի 28-ին Ապարան-Երևան ավտոմայրուղու վրա ավտովթարի էր ենթարկվել: 

Ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի խմբից կյանքից վաղաժամ հեռացավ մասնագիտությամբ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը: 2000թ. օգոստոսի 29-ին էլեկտրահարվեց բանտախցում` մինչև դատավճռի կայացումը: 

Նաիրի Հունանյանի քեռին`Վռամ Գալստյանը մահացավ Նուբարաշեն ՔԿՀ-ի մենախցում 2004թ. ապրիլի 27-ին, նրան հայտնաբերել էին կախված:

14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ է եղել 2010 թ. մայիսին` սրտի կաթվածից: 

Ահաբեկչության խմբի անդամ, ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանը մահացել է 2017թ. Նուբարաշեն ՔԿՀ-ի մենախցում: 

Ըստ շրջանառվող լուրերի` Նաիրի Հունանյանի եղբայրը`Կարեն Հունանյանը թեպետ պատիժը շարունակում է կրել Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում, բայց խելագարվել է: Կենդանի մնացած, ցմահ դատապարտված ոճրագործների շարքում են նաև Նաիրի Հունանյանը, Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը: