Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ասացի՝ ուղղակի ուզում եմ, որ հետ գաս, նայեց ինձ՝ լրիվ այլ ձևով ու լուռ գրկեց, էնպես կարոտած նայեց ինձ․․․»․ 31-ամյա հերոս Վահրամի կինը հպարտ է, որ նման ամուսին է ունեցել

«Ասացի՝ ուղղակի ուզում եմ, որ հետ գաս, նայեց ինձ՝ լրիվ այլ ձևով ու լուռ գրկեց, էնպես կարոտած նայեց ինձ․․․»․ 31-ամյա հերոս Վահրամի կինը հպարտ է, որ նման ամուսին է ունեցել
Հայաստան
18:04, 25 апрель 2021
31 ամյա Վահրամ Խլղաթյանը, պատերազմին մասնակցելու մասին ծանուցում ստանալով, պատրաստակամությամբ մեկնել է Արցախ։ Սեպտեմբեի 27-ին Վահրամը  աշխատանքից հոգնած վերդաձնալուց հետո քնած է եղել, երբ ծանուցումը բերել են։
 
«Սկեսուրս ասաց՝ Վահրամը հոգնած ա, գործից նոր ա եկել, տվե՛ք, ես կփոխանցեմ։ Ծանուցում բերողն ասաց՝ ի՞նչ փոխանցել, պատերազմ ա, հանե՛ք քնից», - պատմեց Վահրամի կինը՝ 29-ամյա Ալմարան, ով այդ ժամանակ 5 ամսական հղի է եղել՝ իրենց 2-րդ երեխայով։  
 
Վահրամն արթնացել է, ստորագրել թուղթը, ըստ որի՝ պետք է 6 ժամվա ընթացքում ներկայանար զինկոմիսարիատ։
 
Կնոջ՝ Ալմարայի ընտանիքը նախկինում ապրել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղում, իսկ նրա հայրը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է եղել։ Նա նշեց, որ լավ գիտի, թե  ինչ է նշանակում  սահմանամերձ գյուղում ապրել, դրա համար էլ չի փորձել ամուսնուն հետ պահել մեկնելուց։
 
«Ես իրեն ասացի, որ չեմ կարող քեզ խնդրել, որ չգնաս, ուղղակի ուզում եմ, որ հետ գաս։ Այդ պահին ինքը նայեց ինձ՝ լրիվ այլ ձևով ու ուղղակի լուռ գրկեց։ Ես չգիտեմ՝ ինչ էր զգում, բայց իր հայացքն ուրիշ էր այդ օրը։ Ես մի պահ նկատեցի՝ էնպես կարոտած հայացքով նայեց ինձ․․», - Ալմարան չկարողացավ զսպել արցունքներն ու դադարեց խոսել, իսկ լռությունը կոտրեցին խոսափողից հնչող մանկական ճիչերը։ 
 
«Գիտեք, շատ դժվար ա...Ես այնքան հանգիստ էի։ Ինքը յուրահատուկ շրջահայացություն և հավասարկշիռ բնավորություն ուներ։ Ու դա ինձ էլ էր հանգստացնում։ Ես վստահ էի, որ իրեն ոչ մի վատ բան չի կարող լինել», -ասաց նա։
 
Մեկնելուց հետո, Վահրամը կնոջ հետ միշտ կապի մեջ է եղել։ Վերջին անգամ գրելիս Ալմարան խնդրել է նրան զանգել, որպեսզի ձայնը լսեն․ «Երեխան նոր-նոր բառեր էր ասում: Ես բարձրախոսը միացրի, որ խոսեն, բայց ինքը չխոսեց։ Ասաց՝ ես չեմ կարող խոսել էրեխու հետ հիմա։ Ես հասկացա, որ ինքը գիտակցումա՝ ինչ ա կատարվում, ու, կարծես, խուսափում ա խոսել։ Ավելի ուշ նորից գրեց, ու ասաց, որ հանգիստ լինենք, ամեն ինչ լավ է։ Ու մեր ամեն նամակի մեջ գրում էր՝  ձեզ շատ եմ կարոտել, ձեզ շատ եմ սիրում։ Անընդհատ դա էր ասում»։ 
 
Վահրամին տեղափոխել են Ջաբրայիլ, որտեղ՝ երեքօրյա թեժ մարտերից հետո՝ սեպտեմբերի 30-ին, նա զոհվել է՝ ԱԹՍ-ի հարվածից։ Ընտանիքը նրա մահվան մասին տեղեկացել է հոկտմեբերի 7-ին՝ 1 շաբաթ փնտրելուց հետո։ Ալամարան նշեց, որ այդ սպասողական 7 օրերն  անտանելի են եղել ու հիմա, տեսնելով մինչ օրս որդիներին չգտած ծնողների կարգավիճակը, գոհանում է այն մտքով, որ իրենք, գոնե, 7 օր են սպասել ու գտել ամուսնուն։
 
«Ես մահվան մասին իր հորեղբոր տղայից եմ իմացա։ Ինձ ասաց՝ Ա՛լմ, դու քեզ հանգիստ պահի ու սկսեց լացել։ Ես հարցրի՝ ո՞ր հիվանդանոցում ա Վահրամը։ Ինքն ասաց՝ Ալմ, իրեն արդեն բերում են, ու ես շոկի մեջ ընկա։ Ուղղակի իր սերն ու ուժն ինձ օգնեց, որ ես կարողացա իմ Արմինեին առողջ լույս աշխարհ բերել», - ասաց Ալմարան։
 
Հետագայում Վահրամի զինակից ընկերները պատմել են, թե ինչպես են նահանջի հրաման ստանալով՝ հնարավորություն ունեցել հեռանալու տվյալ տարածքից, բայց Վահրման ասել է․ «Հա, մենք փախանք, փրկվեցինք, բա՞ էս 18 տարեկան էրեխեքը»։
  
Դստեր անունը Ալմարան ամուսնու ցանկությամբ է կնքել՝ Արմինե։ Ամուսնու սերն՝ առաջնեկ որդու նկատմամբ, անսահման մեծ է եղել․ «Վահրամը հիանալի հայր էր,  հանգիստ ու խաղաղ անձնավարություն, առաքինի, օրինակելի որդի, լավ ընկեր, անթերի ամուսին ու պարզապես լավ մարդ։ Մեր տանը երբեք իր ձայնը չի բարձրացել, վեճ ու կռիվներ չեն եղել։ Տղայիս՝ Նշանին, յուրահատուկ ձևով էր սիրում»,- նշեց Ալմարան։
 
Վահրամի հայրը տարիներ առաջ է դեռ մահացել ու որպես ընտանիքի միակ կերակրող՝ նա հնարավորություն ուներ պատերազմից խուսափելու, սակայն, Ալմարան պատմում է, որ ամուսնու մտքով անգամ չի անցել այդպիսի բան անել։
 
«Գիտե՞ք, դա մի ուրիշ հպարտություն է։ Մարդն ինչքա՞ն պիտի սիրի իր ընտանիքը, կնոջն ու երեխաներին, որ իր կյանքը չխնայի, որ ինչ-որ մեկը հանկարծ չմտնի իր տուն։ Ես հիմա ուղղակի խղճում եմ մեզ։ Մեր ամբողջ ազգին, որ Վահրամն ու Վահրամները էսօր մեր կողքին չեն ու, բացառություններով, իհարկե, բայց էսօր ամենաշատը մնացել են էն մարդիկ, որոնք միայն մեծ-մեծ խոսող են», - նշեց նա։
 
Ալմարան սիրելիին  հաճախ է տեսնում իր երազներում ու նրանից ստանում իրեն անհանգստացնող հարցերի պատասխանները․ «Մի երազումս, որը շատ տպավորիչ էր, Վահրամն ինձ իր զոհվելու վայրն ասաց ու խնդրեց, որ իրեն գտնելու հարցում ևս հույսս դնեմ իր հորեղբոր տղայի՝ Ռուդիկի վրա։ Ես զգում եմ, թեպետ իրեն ես չեմ տեսնում, բայց միևնույնն է, ինչպես մեր միասին ապրած ամեն օրը, հիմա նույնպես, ձեռքս բաց չի թողնում: Ու այդպես միշտ է լինելու»:
 
Ալմարան որոշել է երեխաներին մեծացնել այնպես, որ միշտ գիտակցեն, որ իրենց հայրիկն առավելագույնն է արել, հպարտանան իրենով ու երբեք չխեղճանան։
 
- Նշա՛ն, մեր պապան ի՞նչ պապա է։

- Ուժեղ, - խոսափողից լսվեց փոքրիկի ձայնը։

- Իսկ մենք ի՞նչ ենք․․

- Հպարտ ենք․․
 
«Ամեն դեպքում այ էսպես պետք ա մեծացնենք մեր էրեխեքին։ Մենք պետք ա միշտ հպարտ լինենք մեր տղերքով», - ասաց Ալմարան։ 
 
Սյուզի Սիրականյան