Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեփական մարմնով ծածկելով 18-ամյա զինվորներին՝ 36-ամյա ենթասպա Մոշը փրկել է նրանց և անմահացել

Սեփական մարմնով ծածկելով 18-ամյա զինվորներին՝ 36-ամյա ենթասպա Մոշը փրկել է նրանց և անմահացել
Հասարակություն
21:06, 16 апрель 2021
 
Պայմանագրային զինծառայող, ենթասպա Կամո Մինասյանին բոլորը ճանաչում էին Մոշ մականվամբ։ Ամբողջ կյանքը նվիրելով հայրենիքին ծառայելուն, պատերազմի լուրը լսելով, առանց վարանելու Մոշը շտապել է մեկնել Քարվաճառ, որտեղ անցկացրել է ծառայությունը։
 
«Իր արձակուրդի օրերն էին, նա կարող էր չգնալ, բայց շտապեց դիրքեր, որտեղ կատաղի մարտեր էին, շրջափակում», - պատմեց նրա կինը՝ Անահիտը։
 
Ընտանիքը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից է։ Անահիտի խոսքով՝ պատերազմի մասին ամսի 27-ի առավոտյան Վարդենիսի երկնքում պայթեցված ԱԹՍ-ից են իմացել։
 
«Լսեցինք ձայնը ու դուրս վազեց։ Հորեղբոր տղաները ծառայության մեջ էին դիրքերում։ Ինքը միանգամից այլայլվեց, շտապ փորձում էր մեքենա գտնել, որ գնար։ Անգամ քաղաքապետարանից մեքենա խնդերց։ Քաղաքապետը համոզել էր, որ մեկ օր սպասեն, բայց դե  չդիմացավ, մեքենա գտավ ու գնաց», - պատմում է կինը։
 
Հասնելով դիրքեր, Մոշն իր 40 հոգանոց ջոկատով կարողացել է շրջափակումից դուրս հանել ժամկետային զինծառայողներին։  
 
«Պատերազմի ընթացքում ես չէի զանգում իրեն, վախենում էի, որ այդ քայլով կվնասեմ իրեն, սպասում էի իրեն։ Զանգելիս միշտ ասում էր՝ մենք էստեղ, դուք վախենո՞ւմ եք։ Ամեն ինչ լավ կլինի»,- պատմում է կինը։
 
Մոշը զոհվելուց մեկ օր առաջ վիրավորվել է թևից, բայց այդ մասին թաքցրել է ընտանիքից ու հրաժարվել թողնել դիրքերը․ «Զինվորներին ասել ա՝ չէ, ես սրա համար ամոթ չի՞ գնամ, ձեզ ո՞նց թողնեմ»։
 
Անահիտը  պատմում է, որ ամուսնու հետ դիրքերում  18-ամյա ժամկետայիններ շատ են եղել, և նրանց համար նա շատ է պայքարել հրամանատարության հետ, որպեսզի այնտեղ չլինեն․ «Ասել ա՝ ինչո՞ւ եք այս էրեխեքին բերել, վտանգավոր է, իրենք ի՞նչ կարան անեն էստեղ»։
 
Կամո Մինասյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին, իր զինվորներին փրկելիս՝ 5 օր կատաղի մարտերում դիմակայելուց հետո։ 
 
«Այդ օրը, երբ ռազմավիացիան ռմբակոծել է դիրքերը, Մոշը դե գիտեր՝ որ ուղղությամբ ու ոնց արկը կընկնի։ Իր կողքին երկու 18 տարեկան ժամկետայիններ  կանգնած զենքը մաքրելիս են եղել։ Ինքը չի հասցրել  ասի, որ պառկեն կամ հասցնեն փախչել հարվածից։ Միանգամից նետվել է էդ երկու երեխայի վրա, իր մարմնով փակել տղաներին։ Այդպես, արկը վնասել է իրեն, երիտասարդները փրկվել են։ Իրենք էին զեկուցել թե՝ էս հոպարը մեզ փրկեց», - պատմում է Անահիտը։
 
Մոշը 3 երեխաների հայր էր։ Կնոջ խոսքով՝ նա օրինակ էր մաքուր ու նվիրված մարդու․ «Բնույթով շատ շտապողական էր ու միանգամից կողմնորոշվում էր ինչ անել։ Երեխաների հետ երեխա էր, մեծերի հետ՝ մեծ․․»։
 
Կամո Մինասյանը հետմահու պարգևատվել է Մարտական ծառայություն մեդալով։
 
 
Սյուզի Սիրականյան