Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«1915 թվի նման միայն կին ու երեխա, վեշերի վրա նստած, կողքներս կրակոցներով, մի կերպ եկանք, հասանք Գորիս». Արցախցի տեղահանված կնոջ հուշերը պատերազմական օրերի մասին

«1915 թվի նման միայն կին ու երեխա, վեշերի վրա նստած, կողքներս կրակոցներով, մի կերպ եկանք, հասանք Գորիս». Արցախցի տեղահանված կնոջ հուշերը պատերազմական օրերի մասին
Հասարակություն
18:21, 08 апрель 2021
29 ամյա ժենյա Համբարձումյանի ընտանիքը 2020 թվականին էր Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից տեղափոխվել Քաշաթաղի շրջան, գյուղ Դրախտաձոր և մեծ հույսեր ուներ ապագան Արցախում կառուցելու, սակայն սկսվեց Արցախյան չարաբաստիկ պատերազմը:

«Մեծամորից դեռ իրեր կար տեղափոխելու: Սեպտեմբերի 26-ին մենք իրերը բարձեցինք մեքենան ու փոքր աղջկաս և ամուսնուս հետ գնում էինք Արցախ: Շատ դաժան էր ճանապարհը: Ամեն վայրկյան մեզ թվում էր ձորն ենք գլորվելու, քանի որ ջղայնացել էր վարորդը, ուզում էր կանգնեցնել մեքենան», -պատմում է Ժենյան: Միայն գյուղ հասնելուց հետո է ընտանիքը տեղեկանում, որ պատերազմ է սկսվել, իսկ իրենք ողջ ճանապարհը պատերազմի միջով են անցել, և լսվող ձայները կրակոցների ձայներ էին, ոչ թե՝ ամպրոպի:

«Հասանք գյուղ արդեն լուսադեմին: Ֆեյսբուք չկար, լուրեր չկար: Մեզ Հայաստանից են զանգել ասել, որ ձեր մոտ կռիվ ա: Երբ իմացանք, մտածում էինք քառօրյայի նման ա, հեսա վերջանալու ա, բայց հետո արդեն գյուղի տղամարդկանց տարան, մեզ տները մտցրեցին, հասկացանք, որ լուրջ ա»,- հիշում է Ժենյան:

Ժենյան խորը ցավով է նաև հիշում և նկարագրում պատերազմի օրերին իրենց ապրածն ու  Հայաստան տեղափոխվելու ճանապարհը՝ խոսքում անընդհատ այդ ամենը նույնացնելով 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածի հետ:

«1915 թվին, որ լինում էր , լուսամուտները ադիալներով ծածկում էին, էդպես լուսամուտները ծածկել  ենք, ամբողջ գյուղով մի 3 տուն կար, որ ապահով էր՝ ամեն մեկը գյուղի մի ծերը: Տեղավորվել ենք խումբ-խումբ էդ 3 տան մեջ, որ  բոլորս մի տեղում չլինեինք, որ գոնե մի խմբին եթե պայթեցնեին, էն մյուս խումբը ասեր՝ ոնց ա եղել», - պատմում է նա:

Լուսադեմին բնակիչներին տեղեկացրել են, որ Լաչինով կարող են էվակուացվել, և ամսի 2-ին Ժենյան երեխաների հետ վերադարձել է Հայաստան:

Նա պատմում է, թե ինչ  վտանգավոր պայմաններում են կարողացել հասնել Հայաստան, պետք է ձորերով անցնեին, որտեղ արդեն ադրբեջանական դիվերսանտներ կային: Ժենյայի ամուսինը՝ գյուղի տղամարդկանց հետ միասին, մի քանի օր գյուղն է հսկել դիվերսանտներից և լուսադեմին բոլորը, ով ինչ ունեցել է ձեռքի տակ, հավաքել և դուրս են եկել Արցախից:

«Մենք էդպես, 15 թվի նման՝ միայն կին ու երեխա, վեշերի վրա նստած, կողքից կրակոցներով, գազելը լցված մի կերպ եկանք հասանք Գորիս: Հետո մի քանի մեքենա փոխելով` եկանք էստեղ: Էկել էինք էստեղ, բոլորը նորմալ հագած ման էին գալիս, իսկ մենք էսպես իջել էինք, ոնց որ այլմոլորակային լինեինք»,- թեթև ժպտալով` պատմում է Ժենյան:

Նրա խոսքով՝ հենց Քաշաթաղի իրենց տանը ադրբեջանցիները չեն հարվածել: Տնից մի փոքր ներքևում գտնվող ՀԷԿ-ն են պայթեցրել. «ՀԷԿ-ը ձորում ա, մենք ձորի վերևը: Մեզ չի կարողացել հասնի: Բայց հաջորդը, որ ավելի հեռու են քցել, մեր հայերը ոչնչացրել են, հասցրել են խփել, որ մեզ չհասնի»:

Ժենյայի ամուսինը տարիներ առաջ Հայաստանում ավտովթարի պատճառով ձեռքի վնասվածք է ստացել: Այդ պատճառով պատերազմի ժամանակ նա չի կարողացել մասնակցել մարտական գործողություններին, սակայն առաջին օրից մինչև վերջին օրը մարտի դաշտում է եղել, զբաղվել է զոհվածների դիերի տեղափոխմամբ:

Պատերազմի ավարտից հետո քաշաթաղցիներին 15 օր ժամանակ էր տրվել, որպեսզի կարողանան իրենց ունեցվածքը դուրս բերել Ադրբեջանին հանձնվող տարածքներից: Ժենյայի խոսքով՝ մինչ ամուսինը կարողացել է մեքենա գտնել՝ իրերը տեղափոխելու համար, նրանց տանից ամեն ինչ գողացել են հայերը:

«Երկու ժամվա ճանապարհ ա մեր գյուղից մինչև Լաչին, բայց ամուսինս անցել է կես ժամում, քանի որ, եթե երկու վայրկյան ուշացնեին, դիվերսանտները արդեն կմտնեին գյուղ: Իրենք դուրս են եկել ու իրենց հետևից անմիջապես, հայտարարված ժամանակից շուտ, ադրբեջանցիները մտել են գյուղ: Եթե իրենց էնտեղ ինչ-որ վնաս էլ տային, ոչ մեկս չէինք իմանա, քանի որ կապ չկար: Ասել էին 15 օր, բայց 8 օր հետո իրանք մտնում են, գյուղը իրենցով են անում»,- պատմում է Ժենյան:

Ժենյայի ընտանիքը Արցախում կորցրել է իր նոր տունը, 2000 մետր հողատարածք՝ ընկույզի այգիով, ամբողջ  տան կահույքն ու իրերը: Այժմ  ընտանիքն ապրում է իրենց հայրական տանը՝ Ժենյայի ամուսնու մոր հետ: Սակայն այդ տան հետ կապված էլ որոշակի խնդիրներ կան: Տունը ժամանակին գրավ է դրվել, բարեկամի համար, և մի քանի տարի է, ինչ կալանքի տակ է: Ժենյայի խոսքով՝ ամեն պահի կարող են այս տունն էլ իրենց ձեռքից խլել:

Ընտանիքում ոչ ոք աշխատանք դեռ չի կարողացել գտնել: Այժմ ապրում են օգնությունների և կառավարության կողմից տրված գումարներով, որը շուտով դադարեցվելու է, սակայն Ժենյան նշում է, որ իրենց ապագան դրսում՝ օտար երկրներում դեռ չեն պլանավորում. «Առայժմ ուզում ենք էստեղ ինչ-որ բան անել, գործ գտնել: Էնպես չի՝ էստեղ վատ ա: Մանավանդ հիմա, որ ուզում ես ինչ-որ բիզնես հիմնել, շատ հարկ ու տուրք չես վճարում, դա շատ լավ ա»:

Ժենյան չի բացառում Արցախ վերադառնալու տարբերակը: Կարծում է, որ մեկ անգամ հաղթահարել են պատերազմը, էլի կհաղթահարեն. «Եթե Արցախում էլ ապահով լինի և առաջարկ լինի, որ տներ կորցրածներին տուն տրամադրեն, հաստատ էդ տարբերակից  էլ կօգտվենք: Արդեն եղել ա այս ամենը, կարողացանք գանք: Ստեղ էլ ապահովագրված չէ, նույն բանը կարող է էստեղ էլ լինել: Հիմա ուր էլ գնաս, վտանգավոր է: Բա Գորիսում ապրողներն ի՞նչ անեն, չգիտեն՝ երբ, ինչ կլինի: Այդ վտանգը ամեն տեղ կա, քանի հայ ենք, ուր էլ գնանք, դա կա»:

Սյուզի Սիրականյան