Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հեսա մեշոկը լիքը մեդալ եմ բերելու»․ 19-ամյա հերոս Սերգեյ Պետրոսյանի վերջին խոստումը՝ մայրիկին

«Հեսա մեշոկը լիքը մեդալ եմ բերելու»․ 19-ամյա հերոս Սերգեյ Պետրոսյանի վերջին խոստումը՝ մայրիկին
Հասարակություն
20:49, 17 март 2021
«Ես անընդհատ երազում տեսնում եմ իրեն, գնում նստում եմ իր նկարի մոտ ու խոսում եմ հետը։ Ինքը ինձ ծնողի նման է դաստիարակել։ Ես իր հետ 
կիսվում էի ամեն հարցով։ Ամեն անգամ տուն մտնելուց, եթե նեղացած եմ եղել, ամեն ինչ անում էր, որ ոչ թե ժպտամ, այլ ծիծաղեմ բարձր։ Իսկ ինքը երբեք ցույց չէր տալիս, որ տխուր ա։ Ուրիշ էր ինքը, առանց իրան կյանք չկա». Իջևանից ժամկետային զինծառայող 19-ամյա Սերգեյ Պետրոսյանին այսպիսին է հիշում կրտսեր քույրը՝ Լիանան։ ժպտերես, ուրախ և  չափազանց աշխատասեր երիտասարդ։ Սերգեյն արդեն ընտրյալ ուներ և բանակից հետո որոշել էր ամուսնանալ։
Քրոջ համար ամենատխուր հուշերից մեկն այն է, որ դեռ պատերազմից առաջ եղբոր համար կարոտից արտասվելով՝ տխրեցրել է նրան։ «Մի անգամ նրա հետ հեռախոսով խոսելիս կարոտից լաց եղա։ Ինձ ասաց՝ կյանքս, մի՛ լացի, հետո մայրիկին ասաց՝ մա՛մ, էնպես արա, որ քույրս չլացի։ Սրտիս ցավ է տվել, որ տխրեցրել եմ իրեն էդ ժամանակ», - պատմում է Լիանան։ 

Սերգեյ Պետրոսյանը 10 ամիս էր, ինչ ծառայում էր, երբ պատերազմը սկսվեց։ Ծառայությունն անցկացնում էր Մարտունի 2 զորամասում։ Պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մասնակցել է 5 կետերում՝ Կարմիր Շուկա, Ջաբրայիլ, ֆիզուլի, Հադրութ և Քարվաճառ, սակայն, մոր՝ Ռուզաննայի խոսքով, ողջ ընթացքում թաքցրել է ընտանիքից, որ մասնակցում է պատերազմին։ «Միշտ ասել է՝ ամեն ինչ նորմալ է, ինքը չի կռվում։ Ասում էինք՝ բա հեռուստացույցով էսքան բան ենք լսում, ո՞նց կըլնի, սո՞ւտ կըլնի։ Ասում էր՝ դուք միշտ դուխով եղեք, ոչ մի բան էլ չկա ու կատակով ավելացնում՝  հեսա մեշոկը լիքը մեդալ եմ բերելու»,- պատմում է հերոսի մայրը։ 

Պատերազմի ընթացքում Սերգեյը աչքի է ընկել իր համարձակությամբ և արիությամբ։ Լիանայի խոսքով՝ չնայած հրամանատարն արգելել է նրան, բայց Սերգեյը գաղտնի կարողացել է թշնամուց զենք-զինամթերքով լի Ուրալ մակնիշի ավտոմեքենա խլել և տեղափոխել հայկական կողմ՝ միայնակ։

«Ճիշտ ա, հրամանատարը չի թողել, ինքն էլ ասել ա՝ լավ ես քեզ լսում եմ, բայց հետո, որ հրամանատարը գնացել քնել ա, նա ընկերներին ասել ա՝ ես անպայման էն ավտոն բերելու եմ մեր կողմ, ու գնացել, բերել, հասցրել ա տեղ»,- պատմում է հերոսի մայրը։

Սերգեյը ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմեբերի 22-ին, զոհվել  հոկտեմեբերի 23-ին՝ Հադրութի շրջանում՝ ԱԹՍ-ի հարվածից։
«Իր հետ 5 հոգի են եղել ու հարվածից 5-ն էլ զոհվել են։ Երկուսը՝ ինքն ու իր ընկերն են եղել, մյուս 3-ից էլ ոչ մի լուր չկա։ Հոկտեմբերի 24-ին իրեն բերել են Հայաստան»,- պատմում է քույրը։

Սերգեյի մարմինը զոհվելուց հետո ուղարկել են Հայաստան, սակայն ընտանիքը գտել է նրան միայն դեկտեմբերի 5-ին։  «Փնտրել ենք ամեն տեղ։ Ես չէի հավատում, որ զոհվել ա։ Ասում էի՝ իմ էրեխեն քարի տակիցն էլ լինի, կզանգի ինձ։ Որ տեսանք շատ ա ուշանում, ԴՆԹ-ի անալիզ տվեցինք ու գտանք»,- պատմում է մայրը։

Սյուզի Սիրականյան