Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2018-ի ընտրությունները ՀԱԿ-ը ճանաչել է լիովին ազատ և դեմոկրատական, իսկ այսօր Տեր-Պետրոսյանը պնդում է՝ դրանք հակասահմանադրական էին․ Ի՞նչ փոխվեց 3 տարի անց

2018-ի ընտրությունները ՀԱԿ-ը ճանաչել է լիովին ազատ և դեմոկրատական, իսկ այսօր Տեր-Պետրոսյանը պնդում է՝ դրանք հակասահմանադրական էին․ Ի՞նչ փոխվեց 3 տարի անց
Հայաստան
18:03, 26 апрель 2021
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր՝ ապրիլի 26-ին, հոդված է հրապարակել, որում, հղում անելով Հանրապետական կուսակցության նախկին անդամ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին, նշել, որ 2018թ. դեկտեմբերի 9-ի հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգևորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերևս միակ միջոցը, ամենևին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար։ 

Տեր-Պետրոսյանը, ըստ էության, հակասահմանադրական է անվանել 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունները։ 
Հարկ ենք համարում հիշեցնել, սակայն, որ 2018 թվականի այդ նույն ընտրություններից հետո «Հայ Ազգային Կոնգրեսը» այդ ընտրությունները ոչ միայն  հակասահմանադրական չի ճանաչել, այլև շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ 

«Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է Իմ քայլը դաշինքին և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Առավել նշանակալի է, որ քոչարյանա-սերժական բռնապետության վերջնական տապալումը տեղի ունեցավ լիովին ազատ և դեմոկրատական ընտրությունների միջոցով։ Ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ պսակված Թավշյա հեղափոխության գլխավոր նվաճումն անկասկած այն է, որ Հայաստանի ժողովուրդը կրկին դարձել է քաղաքական գործընթացների առանցքային դերակատարը», -2018ին հայտարարել էր ՀԱԿ-ը՝ հավելելով․«Մեր հասարակության քաղաքացիական հասունության վկայությունն էր նաև ապրիլյան հեղափոխությունից մինչև ընտրություններ ընկած ժամանակաշրջանը, որն անցավ անցնցում՝ պահպանելով երկրի ներքին կայունությունն ու հասարակական համերաշխությունը։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է երկրի ժողովրդավարացման եւ զարգացման համար։ Նոր իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ․ ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, արմատախիլ անել կոռուպցիան եւ հաստատել արդարադատություն, տնտեսությունը դնել զարգացման ուղու վրա, հզորացնել քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ընդունել նոր հարկային եւ ընտրական օրենսդրություն»։

ՀԱԿ-ը 2018 թվականի ընտրությունները փաստացի ճանաչել է լիովին ազատ և դեմոկրատական, իսկ այսօր Տեր-Պետրոսյանը նշում է, որ դրանք եղել են հակասահմանադրական։ Ի՞նչ է փոխվել 3 տարի անց։ Թերևս գիտի միայն Տեր-Պետրոսյանը։

Վովա Հակոբյան