Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակի և պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն․ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականն իր իսկ ստեղծած համակարգին

Բանակի և պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն․ 3-րդ նախագահ  Սերժ Սարգսյանի գնահատականն իր իսկ ստեղծած համակարգին
Հայաստան
20:00, 08 февраль 2023
Երբ նախկին իշխանության օրոք ՀՀ զինված ուժերում առկա կոռուպցիայի մասին ահազանգեր էին հնչեցվում, բարձր իշխանության հակազդեցությունը լինում էր շատ կոշտ և իռացիոնալ՝ մեր հաղթանակի սիմվոլի՝  բանակի վրա   քար նետողը ստոր է և դավաճան, «թուրքին ուրախացնող», և բացի այդ՝ չկա երկիր, որի Զինված ուժերը լինեն իդեալական, այսինքն՝ զերծ այնպիսի չարիքից, ինչպիսին կոռուպցիան և հովանավորչությունն է։ Պաշտպանության ոլորտը տևական ժամանակ կառավարած Սերժ Սարգսյանը երբ նոր էր ստանձնել երկրի նախագահի պաշտոնը,   ընդհուպ հայտարարում էր, թե «զզվում է» նրանցից, ովքեր փորձում են «դիվիդենտներ հավաքել և ինքնահաստատվել» բանակը պախարակելու հաշվին։ Նույն Սերժ Սարգսյանը, սակայն, իր պաշտոնավարման ավարտին ստիպված էր բացեիբաց խոսել բանակին պատուհասած վտանգավոր հիվանդության՝ կոռուպցիայի մասին և «սրբություն սրբոցից» կատարվող հափշտակությունը  գանձագողությանը,  պետական դավաճանությանը  համազոր, նույնն է թե՝ զզվանքի արժանի  արարք որակել։  
Հատկապես 2016 թ․ չորսօրյա պատերազմը երևակել  էր  մեր Զինված ուժերի «առողջական վիճակն» ու Սերժ Սարգսյանին անհանդուրժող դարձրել իր իսկ ձևավորած համակարգի նկատմամբ։   Նախկին նախագահի՝  ստորև բերվելիք ելույթում նկարագրվում է այն սխեման, որով, ըստ էության,  իրականացվել է բանակի թալանը։

 «Պաշտպանության նախարարությունը խոշորագույն սպառող և մեծածավալ գնումներ իրականացնող մարմին է: Գնումների գործընթացում պետք է հասնել առավելագույն թափանցիկության, ազատ և արդար մրցակցության: Ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացումը պետք է ապահովվի պատասխանատու ստորաբաժանումների կողմից ճիշտ տեխնիկական բնութագրեր կազմելու միջոցով: Գնումներ իրականացնելիս պետք է հնարավորինս խուսափել միջնորդ կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաև բացառել մրցույթների կազմակերպիչների և մասնակիցների կողմից տարբեր տեսակի անօրինական գործողությունները, այսպես ասած՝ հնարամտությունները: Ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլև մարտունակությանը: Կոռուպցիայի դեմ հետևողական և անհանդուրժողական պայքարն այսուհետ պետք է լինի ձեր ծառայության անբաժանելի մասը: Այս գործընթացը երբևէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի և պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է»,- 2018-ի մարտին   ՊՆ-ում Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշեց Սերժ Սարգսյանը՝ հավելելով՝ մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի և ընդհանրապես մեր բանակի և պետության հանդեպ առաջին հերթին դրսևորվում է հենց կոռուպցիոն երևույթներով:

 «Սա բոլորիս համար պետք է շատ հասկանալի լինի: Բայց հասկանալի լինելը շատ քիչ է, բոլորս պետք է պայքարենք այս երևույթի դեմ: Սա դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար»,- ազդարարել էր Սարգսյանը։   

 Զիլ ելույթ էր, ինչ խոսք,  բայց՝ ուշացած։ 
 
Իսկ ինչ էր տեղի ունենում մինչ այդ կամ՝ Օստապ Բենդերի ձեռագրով 


 Ի դեպ, երբ  ապրիլյան պատերազմից ամիսներ անց՝ 2016-ի սեպտեմբերին, Սերժ Սարգսյանը  որոշեց փոխել կառավարության կազմն ու ղեկավարին և  վարչապետ նշանակեց Կարեն Կարապետյանին, վերջինս գործադիրի  նիստերից մեկի ժամանակ այդ ժամանակների համար անսովոր մի հայտարարություն արեց` «վերջ տվեք  պրիմիտիվ գողությանը»։ Առիթը  մասնավորապես պետական կարիքների համար ավիատոմսերի գնման ժամանակ իրականացվող զեղծարարություններն էին, հետագայում  Սերժ Սարգսյանի ելույթում  ձևակերպված՝   «գնումների գործընթացքում կիրառվող հնարամտությունները»։ Սակայն գողության փաստի մասին, նկատենք,  առաջին անգամ էր, որ նման անպաճույճ ձևակերպմամբ  էր ազդարարվում, այն էլ՝ կառավարության ղեկավարի շուրթերով։  

 Այնպես չէ, որ նախկին կառավարությունը  չէր ընդունում բանակի՝ կոռուպցիայի վիրուսով վարակված լինելու  փաստը։ Ընդհակառակը՝  ազդարարում էր դրա դեմ պայքարի մասին, սակայն պայքարը, ինչպես մնացած ոլորտների դեպքում, իմիտացիոն բնույթ էր կրում և չէր տալիս ցանկալի արդյունք։ Որոշ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալների քննությունը մտնում էր  փակուղի,   իսկ կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանց, պատասխանատվության ենթարկելու փոխարեն, ընդունված էր ազատել աշխատանքից՝ այնուհետև վերականգնելով այլ պաշտոնում։

 Հակակոռուպցիոն ուղղվածությամբ ՀԿ-ները ժամանակին ահազանգում էին բանակում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին և որպես ամենառիսկային ոլորտ՝ նշում գնումների համակարգը։ Պաշտպանության ոլորտի գնումների մեծ մասի վերաբերյալ տեղեկությունը գաղտնի էր, որևէ տեղեկություն առկա չէր գաղտնի գնումների և ընդհանուր ռազմական կարիքների բյուջեի հարաբերակցության մասին: Գաղտնի գնումների մասին հարցը քննվում էր ԱԺ համապատասխան հանձնաժողովում և, սովորաբար, միշտ տրվում էր դրական եզրակացություն, իսկ այ  հաշվետվություն․․․ այդպես էլ չէր ներկայացվում:

 Երբ  «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը 2014-ին ներկայացրեց  «Հայաստանի պաշտպանական հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը» զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանը հայտնվել էր «D-»՝ կոռուպցիոն բարձր ռիսկի խմբում, այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առարկեց կազմակերպության տված գնահատականին և սկսեց հակակոռուպցիոն   լոլոների շարքը։  «Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը և անձամբ ես այս վերջին տարիների ընթացքում բավական լուրջ աշխատանք ենք տանում կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի առումով: Երևի թե ուրիշ այլ կառույցներում այդքան ակնհայտ չեն երևում այդ արդյունքները, որքան մեզ մոտ են բացահայտումներ իրականացվում: Իմ ղեկավարության ժամանակ լուրջ աշխատանքի արդյունքում հասել ենք նրան, որ պատրաստել ենք բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր: Մեր սպաները, մեր ղեկավարները ազնվության թեստեր են հանձնում, որի շնորհիվ մենք եկել ենք այնպիսի իրավիճակի, որ կոռուպցիոն ռիսկերը, ընդհակառակը, բանակում ամենաքիչն են: Մեր գնումների գործընթացի ստուգման ժամանակ Վերահսկիչ պալատը գնահատեց, որ մեզ մոտ գնումների 87 տոկոսը զերծ է կոռուպցիոն ռիսկերից, մնացած 13 տոկոսը դեռ վիճելի է, որովհետև մենք ապացուցում ենք, որ դրանք ընթացել են մրցույթների անցկացման համապատասխան ընթացակարգերի շրջանակներում: Ես գտնում եմ, որ կազմակերպության զեկույցի տվյալները ճիշտ չեն»։  

 Նախկին նախարար  Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք և նրա մասնակցությամբ կատարված, այսօր միայն հայտնի դարձած՝  զորամասի վաճառքի  գործարքը   վկայում է ոչ թե  «պրիմիտիվ», այլ  օստապբենդերական  ոճով և սխեմայով կատարված  հափշակության մասին։  Պարոն Օհանյանը, հավանաբար, ներշնչվել է Իլֆի և Պետրովի կերտած  գրական անմահ հերոսից, այդ նա էր, որ, հիշեցնենք,  գիտեր «փող կտրելու 400 համեմատաբար ազնիվ մեթոդ»։  Նկատենք, սակայն, որ երբ  Օհանյանը, ինչպես վերը բերված մեջբերման մեջ է նշվում,  բանակի ղեկավարության «բարեվարքության և «ազնվության թեստերի»  մասին էր խոսում,  զորամասի վաճառքն արդեն տեղի էր ունեցել։ Երևի որպես բանակի ղեկավարի կողմից ցուցաբերված  «բարեվարքության և ազնվության» դասական օրինակ։ 
 
Ի դեպ, մեկ տարի առաջ այս օրերին, արդեն ԱԺ պատգամավորի կարգավիճակում գտնվող Սեյրան Օհանյանը, որը, հիշեցնենք, ապրիլյան պատերազմից ամիսներ անց հրաժեշտ տվեց պաշտպանության նախարարի պաշտոնին, խոսելով բանակում  «գողերի ձեռքը բռնելու», կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ ներբողագիր էր ձոնել իր պաշտոնավարման տարիներին։   Բանակում եղե՞լ է թալան, թե՞ ոչ՝  կոնկրետ հարցին Օհանյանը, կարելի է ասել,  «ինքնախոստովանական ցուցմունք» էր տվել․  «Որտեղ որ կան նյութական, ֆինանսական միջոցներ մեր հայկական իրականության մեջ, ոչ միայն բանակում, այլ նաև քաղաքացիական կյանքում՝ միշտ կա գայթակղություն հանրայինը, ընդհանուր միջոցներն օգտագործել անձնական շահերի համար: Եթե ժամանակին ձեռքից չես բռնում, ապա այդ ամենը կուտակվում է և վերածվում է մի մեծ կոռուպցիոն համակարգի: Իմ ժամանակ ես իմ ենթականերին այսպես եմ ասել՝ եթե դու ինքդ ես հայտնաբերում բացթողումները, ինքդ ես պարբերաբար ներկայացնում՝ փառք ու պատիվ, դա նշանակում է, որ դու պայքարում ես բացասական երևույթների դեմ: Եթե երկար ժամանակ դու ինքդ չես աշխատում, չես հայտնաբերում, դա նշանակում է, որ դու կամ չես տեսնում այդ թերությունները, կամ համակերպվել ես այդ իրավիճակի հետ, կամ ավելի վատ՝ ինքդ ես մասնակիցը դարձել այդ կոռուպցիոն երևույթների»: Նախկին նախարարը, միաժամանակ, հպարտորեն ազդարարել էր,  թե իր պաշտոնավարման շրջանում՝ 8,5 տարվա ընթացքում, «130 հոգի գնդապետից բարձր անձնավորություններ պաշտոնից ազատվել են, որից գրեթե կեսը կոռուպցիոն ռիսկերով, քրեական գործեր են հարուցվել նրանց նկատմամբ, մի մասը հաստատվել է, մի մասը չի հաստատվել, պայքարը մղել ենք: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր 22 օրը մեկ գնդապետից բարձր ես պաշտոնյա եմ ազատել Զինված ուժերում: Դա նշանակում է ես պայքարե՞լ եմ, թե՞ չեմ պայքարել կոռուպցիոն ռիսկերի դեմ: Ասել, թե իսպառ վերացե՞լ է կոռուպցիան, իհարկե, չի վերացել, բացթողումներ միշտ էլ կան»:

 Ուշագրավ է, որ նման հայտարարություն՝ բանակի բարձրաստիճան կոռուպցիոներներին իր կողմից  պաշտոնանկ անելու մասին  հայտարարություն է անում  այն ընդդիմության ներկայացուցիչը, որը գործող իշխանությանը մեղադրում է «բանակը քանդելու»,  «հեղինակազրկելու», «բանակի քաղաքականությունը  կենցաղային մակարդակի ՓիԱռ-ի, մայկա-տռուսիկային, կլուբնիկային մակարդակի  իջեցնելու» մեջ։ Վերջին արտահայտության հեղինակն,  ի դեպ, Օհանյանն է։  
 
 Հ․Գ․ Բանակից, նույնն է՝ պետությանից  բենդերական   սխեմայի կիրառմամբ «փող կտրելու» դեպքերը, ցավոք, մեկը կամ երկուսը չեն, դրանք բազմաթիվ են։ Դրանցից մի քանիսի մասով  հարուցված քրեական գործերին,  որոնցով  այժմ  նախաքննություն է ընթանում,  կանդրադառնանք  առաջիկայում։ 

 
Հեղինե Մանուկյան