Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև. ԱԽ քարտուղար

Խաղաղության պայմանագիրն ընդհանրապես այն մասին է, որ ամեն ինչ հնարավորինս հստակ լինի։ Հայկական կողմն աշխատում է այդ հստակության վրա։ Մենք կողմ ենք, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ՝ հաշվի առնելով առնվազն վերջին երեք տարվա փորձը։ Նաև հնարավորինս ամեն ինչում հստակություն լինի։ Այդ ուղղությամբ ենք աշխատում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև։ Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որ այս մեխանիզմը կայանա։ Այս մեխանիզմը կարող է անդրադարձ լինել միջազգային Խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում, այն կարող է լինել միջազգային այլ կառույցների կամ այլ ֆորմատով։ Դա հստակ չէ, քննարկման առարկա է, որը պետք է քննարկվի հստակեցման համար»,- նշեց Գրիգորյանը։

Հարցին՝ կոնկրետ ինչ ենք մենք ներառում Խաղաղության պայմանագրում, Գրիգորյանը նշեց. «Ոչ թե կոնկրետ ինչ ենք ներառում, կարող եմ ասել, որ Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ անվտանգության և իրավունքների շուրջ»։ Ճշգրտող հարցին՝ արդյոք ինքնորոշման իրավունքը մի կողմ ենք թողնում, Գրիգորյանը փորձեց խուսանավել՝ հայտարարելով, թե Հայաստանի մոտեցումն է, որ միջազգային տեսանելի մեխանիզմների շրջանակներում անվտանգության և իրավունքների շուրջ քննարկումներ տեղի ունեն. «Այդ մեխանիզմը ստեղծելու շուրջ հասկանանք, թե որոնք են այն մեխանիզմները, որոնք երաշխավորում են անվտանգությունը և իրավունքները»։

Անդրադառնալով Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին՝ նա հայտնեց, որ հայկական կողմը ստացել է իր առաջարկած տեքստին պատասխան, որը շարունակական պրոցես է, այժմ հայկական կողմն է աշխատում, հնարավորինս շուտ այդ տեքստը պատրաստ կլինի և պատրաստ կլինենք այն փոխանցելու ադրբեջանական կողմին։

Աղբյուր՝ pastinfo.am