Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը Գագիկ Ծառուկյանի փեսայից և դստերից պահանջում է բռնագանձել մի շարք ընկերություններում ունեցած բաժնետոմսերը. նշված ընկերություններին որպես երրորդ անձ ներգրավելու որոշում կայացնելու համար նիստը հետաձգվեց

 
Հակակոռուպցիոն դատարանում կայացավ Գագիկ Ծառուկյանի փեսա, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի և վերջինիս կնոջ՝ Գագիկ Ծառուկյանի դուստր Ռոզա Ծառուկյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։
Պատասխանող կողմը դատարանին ասաց, որ իրենք ամբողջությամբ առարկում են հայցադիմումին։

Հայցվոր կողմը միջնորդություններ ներկայացրեց դատարանին։ Առաջին միջնորդությունը վերաբերում էր որոշակի անձանց՝ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց ներգրավելուն, նրանց իրավունքի և տեղեկացման կարգի վերաբերյալ ծանուցմանը։

Երկրորդ միջնորդությունը ևս վերաբերում էր  որոշակի անձանց՝ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց ներգրավելուն։

Խոսքը տարբեր ընկերությունների մասին է, որոնցում պատասխանող կողմը մասնաբաժիններ ունի, և դատախազությունը պահանջում է բռնագանձել դրանց մի մասը։

Պաշտպանի ներկայացուցիչը նկատեց, որ այս հանգամանքները որոշելը դատարանի իրավունքների մեջ է մտնում, հետևաբար սա վերնագրել որպես միջնորդություն՝ պաշտպանը ճիշտ չհամարեց:

Ապա դատարանը, դիմելով կողմերին, հետաքրքրվեց՝ ի՞նչ դիրքորոշում ունեն կողմերը՝ կապված ընկերությունների բոլոր բաժնետերերին ծանուցելու հետ։ Հայցվոր կողմն էլ նկատեց. բաց բաժնետիրական ընկերությունները կարող են հազարների հասնող բաժնետերեր ունենալ, ինչը կարող է անվերջ երկարացնել դատական նիստերը։

Ի վերջո, նկատի ունենալով, որ պետք է առանձին ակտի ձևով կայացվի ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին որոշումը, դատավորը հետաձգեց դատական նիստը՝ որոշում կայացնելու համար։ 
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 20-ին, ժամը 16-ին։
 
Մանրամասն՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան