Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ցանկանում ենք վերադառնալ Շուշի, տեսնել մեր Շուշին եռագույնի ներքո». ստեղծվեց «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ն

«Ցանկանում ենք վերադառնալ Շուշի, տեսնել մեր Շուշին եռագույնի ներքո». ստեղծվեց «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ն
Հայաստան
20:47, 08 май 2021
«Մեր բոլորի ակնկալիքը, երազանքը նույնն է. ցանկանում ենք վերադառնալ Շուշի, տեսնել մեր Շուշին եռագույնի ներքո, ապրել մեր Շուշիում, վերագտնել մեր Շուշիի խաղաղությունը»,-«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ բացման հանդիսավոր միջոցառման ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց կազմակերպության համահիմնադիր Արմինե Հայրապետյանը:

Նա տեղեկացրեց՝ կազմակերպությունը հիմնադրվել է՝ ստեղծված իրավիճակին արձագանքելով, փորձելով տեղական և միջազգային կառույցներին համախմբել հիմնական լուծման գործում։ Նա հավաստիացրեց՝ փորձելու են աջակցել բնակիչներին ստեղծված իրավիճակը հաղթահարելու գործընթացում։

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկան կազմակերպության խորհրդի անդամները, համահիմնադիրներ, գործընկերներ և ներկայացրին ՀԿ հիմնադրման անհրաժեշտությանը, պատմամշակութային ժառանգության պահպանության առաջնահերթությունը, հայրենաճանաչողության ամրապնդմանը, Հայսատան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանն ու զարգացման առնչվող հարցեր։

Ըստ Արմինե Հայրապետյանի՝ «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեության հիմնական ոլորտներն են իրավականն ու մշտադիտարկումը: Նա մանրամասնեց. «Գործելու է իրավական կենտրոնը, որի շրջանակներում անդրադառնալու ենք իրավագիտակցության բարձրացմանը, քաղաքացիների իրավական հիմնախնդիրների լուծման աջակցությանը, հիմնախնդրի վերաբերյալ իրավական հետազոտության խթանմանը: Մյուս ուղղությունը մոնիտորինգի՝ մշտադիտարկման իրականացումն է: Մշտադիտարկման կենտրոնի միջոցով փորձելու ենք նպաստել համալիր տեղեկատվության ձևավորմանը և շարունակական արագ արձագանքման խմբերի միջոցով արձագանքել բնակիչների առաջնային կարիքների լուծմանը»: