Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքում փոփոխությունները կնպաստեն երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը․ Անահիտ Ավանեսյան

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքում փոփոխությունները կնպաստեն  երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը․ Անահիտ Ավանեսյան
Հայաստան
13:05, 13 май 2021
ՀՀ կառավարությունն այսօր որոշեց հավանություն տալ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին»
 
Հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հաշվի առնելով վերջին երեք տասնամյակներում արձանագրված ծնելիության և ժողովրդագրական ցուցանիշների վատթարացումը, պարզ վերարտադրողականության  գործակցի ոչ բարենպաստ ցուցանիշը իրենք նախաձեռնել են նման փոփոխություններ։

«Վերարտադրողական առողջության մասին օրենքում պիտի նշեմ, որ այս օրենքի փոփոխությունը բավականին երկար ժամանակ է քննարկվել և մենք ստացել ենք բազում խնդրանքներ միջնորդություններ, որ անձինք, ովքեր որոշում են կայացրել երեխա ունենալ, անհարկի իրավունքի սահմանափակումների պատճառով զրկված են երեխա ունենալու բերկրանքից։ Այս օրենքի փոփոխությունների արդյունքում մենք տարանջատել ենք օժանդակ տեխնոլոգիաների մեջ ներառված ծառայությունների խմբերը և այսուհետև նաև մարզային բժշկական կենտրոնները հնարավորություն կունենան որոշակի ծառայություններ մատուցելու»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ նախկինում այն ամբողջական մի համալիր ծառայություն էր դիտարկվում և լիցենզավորման, սարք-սարքավորումների, մասնագետների բավական բարձր պահանջներ էին դրված, այնինչ այդ ծառայությունների խմբում կան որոշակի  ուղղություններ, և նման  բարդ պահանջների կարիքը չկա։

Վերջինիս խոսքով՝ շատ կարևոր է, որ մարզում, քանի որ բուժման ընթացքն էլ բավականին երկար է տևում, բնակիչը ստիպված չլինի ամեն անգամ Երևան գալու։ 

Առաջարկվող փոփոխությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլգիաներից օգտվող անձի (զույգի) հետ ազգակցական կապ չունեցող, սակայն նրան հայտնի անձնավորությունը ևս կարող է դիտարկվել որպես ժամանակավոր դոնոր` առանց տարիքային սահմանափակման, ինչպես նախատեսված է հայտնի դոնոր հանդիսացող հարազատի դեպքում: 

Գործող օրենքով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող կանանց համար տարիքային սահմանափակում նախատեսված չէ, ինչը սկզբունքորեն նշանակում է կամայական մոտեցում Հանրապետության տարբեր կենտրոններում:
 
Մի շարք երկրներում առկա է վերին տարիքային սահմանափակում այն կանանց համար,որոնք օգտագործում են  դոնորական ձվաբջիջներ: Եվրոպական երկրներում նման կանանց տարիքը օրենքով սահմանափակվում է ՝ 49-50 տարեկան:

ԱՄՆ-ում, ըստ Վերարտադրողական բժշկության ամերիկյան ասոցիացիայի, կանանց տարիքը հղիության և ծննդաբերության հակացուցումների բացակայության դեպքում կարող է ավելացվել մինչև 54 տարեկան:

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ձվաբջջի դոնորի կիրառմամբ կանանց տարիքը սահմանափակել մինչև 53 տարեկանը, ինչը թույլ կտա խուսափել ավելի բարձր տարիքի կանանց մոտ հղիության հետ կապված հավանական ռիսկերից, նկատի ունենալով, որ տարիքի հետ զուգահեռ բարձրանում է կնոջ առողջության և կյանքի համար վտանգ ներկայացնող թե մանկաբարձական, թե ուղեկցող ախտաբանությունների առաջացման հավանականությունը, որոնք կարող են հանգեցնել հղիության անբարենպաստ, ընդհուպ մինչև մահացու ելքի:

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում ակնկալվում է` անպտղությամբ տառապող ընտանիքների, անձանց` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հնարավորությունների ընդլայնում, արհեստական սերմնավորման ծառայությունների զարգացման հնարավորությունների մեծացում, այդ թվում մարզային մակարդակում, դոնորների և փոխնակ մայրերի ռեգիստրի ստեղծում և նրանց նկատմամբ սահմանված պահանջների պահպանման վերահսկելիության բարձրացում, երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավում: