Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ տարածքից 6 զինվորների գերեվարումից հետո Հայաստանը դադարեցրել է աշխատանքը ճանապարհների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովում

ՀՀ տարածքից 6 զինվորների գերեվարումից հետո Հայաստանը դադարեցրել է աշխատանքը ճանապարհների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովում
Հայաստան
12:01, 01 июнь 2021
«Այսօրվա դրությամբ աշխատանքները չեն շարունակվում, ես բազմիցս հայտարարել եմ, որ այդ աշխատանքները  արդյունավետ կլինեն և  արդյունքներ կտան մի դեպքում, եթե ֆոնը և ընդհանուր իրավիճակը  լինի առնվազն կայուն»,- այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով հարցը, թե ինչպես են ընթանում  ճանապարհների ապաշրջափակման աշխատանքները։   

Մհեր Գրիգորյանը չի կարծում, որ սահմանային նման իրավիճակի պայմաններում աշխատանքը կոնստրուկտիվ կլինի։
Նա նշեց, որ այդ իմաստով վերջին շրջանում կոնտակտներն ընդհատվել են։ 

Խոսելով նաև ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի հայտարարության  մասին՝ Մհեր Գրիգորյանն ասաց՝ չի կարծում, որ ընդհանրապես այդպիսի խնդիր գոյություն ունի, բնականաբար բոլորիս համար առաջնայինը ազգային շահերն են։ 

«Ինչպե՞ս կարելի է անվերջ տարածել լուրեր, որ կա գաղտնի փաստաթուղթ․ չկա նման բան։ Ինչ որ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է, առավել ևս, ես ձեզ կարող եմ մի բան հավաստիացնել և վստահեցնել, որ չի էլ կարող լինել փաստաթուղթ, որը չհրապարակվի․ ուղղակի չկա նման բան։ Եվ ես կարծում եմ՝ ավելորդ են նմանատիպ շահարկումները»,-ասաց Մհեր Գրիգորյանը։ 
Նա նշեց, որ դիվանագիտական ճակատը պետք է ուժեղ լինի, բայց ինքը չէր ցանկանա պատասխանել այլ անձանց փոխարեն, և կարծում է՝ ճիշտ կլինի, որ  հարցադրումները և հարցերն ուղղվեն  պարոն Այվազյանին, և վստահ է, որ  ավելի ընդարձակ պատասխան  Այվազյանը կտա այդ հարցին։