Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի պատասխանը․ հայկական ավիաընկերությունների համար Թուրքիայի օդային տարածքը փակ է միայն դեպի 3-րդ երկրներ թռիչքների դեպքում

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի պատասխանը․ հայկական ավիաընկերությունների համար Թուրքիայի օդային տարածքը փակ է միայն դեպի 3-րդ երկրներ թռիչքների դեպքում
Հայաստան
13:55, 03 май 2023
Օրերս հայտնի դարձավ, որ Թուրքիան հայկական Flyone ավիաընկերությանը, առանց նախօրոք զգուշացնելու, արգելել էր մուտք գործել Թուրքիայի օդային տարածք և օդանավը ստիպված էր եղել չնախատեսված վայրէջք կատարել Քիշնևում։

Այսօր թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ դա պատասխան էր Երևանում վերջերս տեղադրված «Նեմեսիս» գործողության արձանի տեղադրմանը։

«Օդային ճանապարհով Թուրքիա կգա միայն Հայաստանի խորհրդարանի նախագահը․ բացառիկ դեպքի համար ենք թույլ տվել։ Եթե շարունակեն (Հայաստանը), մենք նոր քայլեր կձեռնարկենք», - հայտարարել է Չավուշօղլուն։ 

Քաղավիացիայից Civic.am-ին տեղեկացրին, որ իրենք թուրքական կողմից որևէ պաշտոնական իրազեկում չեն ստացել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից էլ տեղեկացանք, որ հայկական ավիաընկերությունների համար Թուրքիայի օդային տարածքը փակ է միայն դեպի երրորդ երկրներ իրականացվող թռիչքների համար, դեպի Թուրքիա թռիչքները բաց են։

Հայաստանից Թուրքիա, մասնավորապես՝ դեպի Ստամբուլ թռիչքներ իրականացվում են հայկական Flyone և թուրքական Pegasus ավիաընկերությունների կողմից։ Flyone-ից մեզ հայտնեցին, որ դեպի Ստամբուլ թռիչքները իրականացվում են։ Այլ մանրամասներ ընկերությունը չհայտնեց, խոստացան ավելի ուշ պատասխանել մեր հարցերին։  

Արդյո՞ք հայկական կողմը պատրաստվում է պատասխան գործողություններ իրականացնել, օրինակ՝ թուրքական ընկերությունների համար դեպի երրորդ երկրներ իրականացվող թռիչքների համար Հայաստանի օդային տարածքը փակելու տեսքով։ Դա քաղաքական որոշում կլինի։

Արտաքին գործերի նախարարության հետ կապ հաստատել մեզ առայժմ չհաջողվեց։ 

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 25-ին Երևանի կենտրոնում` Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում, «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթող է բացվել։

Աղբյուր–հուշակոթողի վրա գրված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների անունները։

Հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգները։ Նրանցից մեկը լրագրող, հաղորդավար Արտյոմ Երկանյանն է` Արամ Երկանյանի հետնորդներից։

Նշենք, որ աղբյուր–հուշակոթողը տեղադրվել է Երևանի ավագանու որոշմամբ, քանդակի հեղինակն է ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։

Վովա Հակոբյան