Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատվերը ընդունել են փողով, հետագայում իրականացրել․ 9 տարի առաջ որդուն կորցրած մայրը Վլադիմիր Գասպարյանից պարզաբանումներ պահանջեց՝ մեղադրելով Շիրակի նախկին ոստիկաններին որդու սպանության պատվերը կատարելու մեջ

Պատվերը ընդունել են փողով, հետագայում իրականացրել․ 9 տարի առաջ որդուն կորցրած մայրը Վլադիմիր Գասպարյանից պարզաբանումներ պահանջեց՝ մեղադրելով Շիրակի նախկին ոստիկաններին որդու սպանության պատվերը կատարելու մեջ
Հայաստան
15:25, 03 май 2023
Այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստից առաջ, Հակակոռուպցիոն դատարանի առջև Վլադիմիր Գասպարյանին մոտեցավ մի կին՝ հիշեցնելով վերջինիս, որ 9 տարի առաջ, Գասպարյանի պաշտոնավարման ընթացքում Գյումրիի Մուշի բաժնի աշխատակիցների պատվերով սպանել են իր տղային։

Գասպարյանը նախ գոռալով հրեց կնոջը՝ ապա կնոջ համառությունից հետո լսեց վերջինիս, ով նշեց, որ Գյումրի ոստիկանության Մուշի բաժնի պետը՝ Հրաչ Սահակյանը և նրա օպերատիվ գծով տեղակալ Արա Ազնավուրյանը ընդունել են սպանության պատվերը և «բառիկների» միջոցով իրականացրել որդու սպանությունը։ «Այսինքն պատվիրատու կա։ Պատվերը ընդունել են փողով, հետագայում՝ իրականացրել։ 1-ից 2 ամիս անց, որպես հետաքննության մարմին հետաքննությունն իրենք են իրականացրել, դրանից հետո իրենց դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից։ Քրեական գործով ձեռք բերված նյութերի համաձայն՝ Հրաչ Սահակյանը և Արա Ազնավուրյանը կասկածվում են, որ ընդունել են պատվերը։ Միգուցե Դուք տեղյակ չեք, միգուցե Ձեզ ընդհանրապես չեն հայտնել», - ասաց 2014 թվականին Գյումրիում սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը։

Սպանվածի մայրը շեշտեց, որ ընդամենը ուզում էր դեպքի մասին տեղյակ պահել Վլադիմիր Գասպարյանին։ Ժամանակին բազմիցս փորձել է հանդիպել իր հետ, նամակներ է գրել, սակայն պատասխան չի ստացել։ «Քանի որ միշտ ասում էիք, որ տականքներին հանելու եք համազգեստի մեջից, ես շատ էի ուզում Ձեզ անձամբ տեսնել ու ասել, որ տականքները այստեղ են՝ ոստիկանության աշխատակիցները սպանության պատվեր են ստացել»։