Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինծառայողները դժգոհում են՝ հաշմանդամության խումբն իջեցրել են, նախարարությունից հիշեցնում են՝ եռաստիճան բողոքարկման համակարգ կա

Զինծառայողները դժգոհում են՝ հաշմանդամության խումբն իջեցրել են, նախարարությունից հիշեցնում են՝ եռաստիճան բողոքարկման համակարգ կա
Հայաստան
16:47, 05 май 2023
44-օրյա պատերազմի մասնակիցներ Արամ Արզումանյանն ու Գոռ Հովհաննիսյանը Civic.am-ի հետ զրույցում դժգոհեցին, որ փորձաքննությունների ժամանակ իջեցվում են հաշմանդամության խմբերը։ Արամ Արզումանյանը նշեց, որ ծնկից ներքևի հատվածում երկու ոտքի ամպուտացիա ունի, բայց հաշմանդամության առաջին խումբն օրերս իջեցրել են և երկրորդ խումբ սահմանել. «Բացի դրանից էլ, ձախ ոտքի կոտրվածք ունեմ՝ փշրված ոսկորը հավաքել են, և հիմա աջ ոտքս ձախից մոտ 3 սմ կարճ է։ Սրանից բացի՝ փորի, ականջի վիրահատություն եմ տարել, կանտուզիա եմ ստացել ու նորմալ չեմ լսում, աջ ձեռքիս մատներն էլ կոտրված են»,- հավելեց նախկին զինծառայողը։

Արամ Արզումանյանին հաշմանդամության առաջին խումբ տրվել է 2021թ., սակայն օրեր առաջ Միասնական սոցիալական ծառայության Մասիսի տարածքային կենտրոնում նրան ասել են՝ քանի որ պրոթեզներ է կրում, հաշմանդամության խումբը պետք է փոխեն: «Ասել են՝ պրոտեզ ունես ու կարող ես քայլել, բայց եթե իմ ոտքը ցավա, ու պրոտեզս հանեմ՝ համարվում եմ անկողնային, եթե իմ կողքը մարդ չլինի՝ չօգնի, ես չեմ կարող ոչ մի բան անել»,- վրդովված ասաց 44-օրյա պատերազմի մասնակիցն ու հավելեց, որ այդ որոշումը բողոքարկել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և սպասում է պատասխանի։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանն անդրադառնալով խնդրին՝ նշեց, որ փորձաքննության եռաստիճան բողոքարկման հնարավորություն ունեն: «Եթե կայացրած որոշման հետ քաղաքացին համաձայն չէ՝ վերափորձաքննության համար սկզբում դիմում է ներկայացնում Միասնական սոցիալական ծառայության պետի անունով, փաստաթղթերի փաթեթը ներկայացվում է, դիտարկվում են եղած խնդիրները, և կա՛մ որոշումը մնում է անփոփոխ, կա՛մ փոխվում է խումբը։ Իսկ եթե վերափորձաքննության պատասխանն էլ չի բավարարում քաղաքացուն, ապա նախարարի անունով դիմում է ներկայացվում, որի դեպքում փորձագետները նորից ուսումնասիրում են փաստաթղթերը և կա՛մ որոշումը թողնում են նույնը, կա՛մ փոփոխություն են իրականացնում»,- ասաց նա։

Հաշմանդամության խումբ ունենալու դեպքում տարբեր արտոնություններից են օգտվում զինծառայողները։ Օրինակ՝ Արամ Արզումանյանը նշում է, որ երբ սահմանված էր հաշմանդամության առաջին խումբ, Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից միանվագ ստացել է 10 մլն դրամ, ինչպես նաև ամսական 200 000 դրամ են հատկացրել իրեն, իսկ հիմա հաշմանդամության խումբը իջեցրել են, ու երկրորդ խմբի համար սահմանված է ամսական 100 000 դրամ։

44-օրյա պատերազմի մյուս մասնակից Գոռ Հովհաննսիյանն էլ նշեց, որ 2021թ.-ի հունվարին է երկրորդ խմբի հաշմանդամություն ստացել. խնդիրը ոտքի երկաթներն էին՝ ազդրի վնասվածք էր ստացել, ու հիմա էլ մի ոտքը մյուսից մոտ 2 սմ կարճ է: «Անցյալ տարի Հոկտեմբերյանում փորձաքննության ժամանակ ասացին, որ հանում են հաշմանդամության խումբը, այսինքն՝ էլ հաշմանդամություն չունեմ։ Ասացին՝ քո ոտքը երկաթներով է եղել հավաքած, այդ պատճառով ենք երկրորդ խումբ տվել, իսկ հիմա երկաթները հանել են։ Բայց ոտքիս կարճությունը կա, ու կաղում եմ»,- նշեց նա ու ընդգծեց, որ այդ որոշումը բողոքարկելուց հետո Երևանում երկրորդ փորձաքննությունն է նշանակվել, ու այդ ժամանակ էլ անփոփոխ է թողնվել առաջին փորձաքննության որոշումը. «Ասացին՝ 5 սմ-ից պակաս կարճության դեպքում հաշմանդամության խումբ չի հասնում, իսկ իմ մոտ 2 սմ կարճություն է»։

Գոռ Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի շահառու էր և հաշմանդամության խումբը հանելուց հետո հնարավոր է այլևս չհանդիսանա շահառու, մինչդեռ այնտեղ իրականացվող տարբեր ծրագրերից է օգտվել, նույնիսկ բուժումներ է ստացել։  «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի մամուլի խոսնակ Ռուզաննա Վարդերեսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իրենց մոտ հաշվի չի առնվում հաշմանդամության որևէ խմբի առկայությունը. «Այստեղ մատուցվում են ծառայություններ բոլոր այն տղաներին, ովքեր վիրավորում են ստացել հայրենիքը պաշտպանելիս, և կապ չունի՝ խաղաղ պայմաններում, թե պատերազմի ժամանակ, պարզապես պետք է ունենան հավաստող փաստաթուղթ, որ վիրավորումն ստացել են հայրենիքը պաշտպանելիս»։

Ռուզաննա Վարդերեսյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների հիվանդանոցային բուժումը հոգում է պետությունը, իսկ ամբուլատոր բուժումները՝ բարերարները. «Պետությունը եթե որոշի, որ հաշմանդամության խմբի փոփոխությամբ պայմանավորված՝ տվյալ մարդու համար պետպատվեր այլևս չի հատկացնում, մեր օգնությունը կարող է մի քիչ ուշանալ, քանի որ մեր կողմից մատուցվող ծառայությունը կախված է բարերարների ֆինանսավորումից»։

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի մամուլի խոսնակն ընդգծեց նաև, որ իրենք նաև իրավաբանական ծառայություններ են մատուցում տղաներին: «Դատական գործեր ունենք շահած՝ վերականգնել ենք տղաների հաշմանդամության խումբը։ Բայց նախքան դատարան դիմելն ուսումնասիրում ենք համապատասխան փաստաթղթերը»,- եզրափակեց նա։

Նարա Մարտիրոսյան