Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը մտադիր է հուլիսից ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառել․ նախագիծ

Կառավարությունը մտադիր է հուլիսից ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառել․ նախագիծ
Հայաստան / Տնտեսություն
21:19, 11 май 2023
Կառավարությունը մտադիր է հուլիսից սկսած ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառել։  Կառավարության որոշման համախատասխան նախագծից, որը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից, civic.am-ը տեղեկացավ, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից: 
 
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի  արդյունքում, ըստ ՇՄ նախարարության,   վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ։ Մասնավորապես 2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա, 2022 թվականին՝ 4700 տոննա, ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում՝ 2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա, 2023 թվականին՝ 300 տոննա: «Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։ 
 
Ելնելով վերոգրյալից կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։ Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք»,-նշված է նախագծին կից հիմնավորման մեջ։ 
 
Ժամանակավոր արգելը նախատեսվում է կիրառել 2023 թվականի հուլիսի 2-ից և կգործի վեց ամիս ժամկետով։