Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշոտ Փաշինյանին մեքենայով հարվածած Գարիկ Գալեյանը խոստանում է հաջորդ անգամ վրաերթի ենթարկել նրան, քանի որ մանկապարտեզում «տեռոր» անելու սպառնալիքից հետո պատասխան չի տվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները փորձ են արել առևանգել ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ Վերոնշյալ ՀԿ-ի անդամները 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողներն են։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նրանցից մի կին զրուցելու պատրվակով Աշոտ Փաշինյանին առաջարկել է նստել իր մեքենան, և երբ նա նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։ Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ. պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի, առանց հարցնելու, իրեն տանում է Եռաբլուր, որտեղ իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել: Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով՝ նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Միջադեպից հետո Աշոտ Փաշինյանի հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և վերջինիս առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա նշված կինը ձերբակալվել է։

Տվյալ կինը «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գայանե Հակոբյանն է։ Նկատենք, սակայն, որ երեկ նշյալ կնոջ հետ ձերբակալվել էին ևս երեք անձ, որոնց թվում էր պարբերաբար ոչ հավասարակշիռ պահվածքով աչքի ընկող Գարիկ Գալեյանը, որը  2022 թվականին էլ սպառնում էր ահաբեկչությամբ՝ դպրոց ու մանկապարտեզ գրավել: Նա մեղադրվում է  Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու համար։ Իսկ երեկ էլ Աշոտ Փաշինյանի ուղղությամբ սպիտակ մեքենա վարողը եղել է հենց ինքը։ Քննչականից դուրս գալուց հետո Գարիկ Գալեյանը կրկին սպառնացել է՝ ասելով հետևյալը. «Հիմա փոշմանում եմ, որ իրականից չեմ վրաերթել, բայց հույսով եմ, որ էլի կհանդիպի, հաստատ կիրականանա վրաերթը»:


Ի դեպ, «Որդիների կանչ» ՀԿ-ն պարբերաբար տարածում է իշխանությանը վարկաբեկող, վիրավորական արտահայտություններ և ներկայանում որպես փրկիչ և նշում, որ իրենք պետք է հեռացնեն այս իշխանությանը՝ միասնական քաղաքական ու քաղաքացիական պայքարի միջոցով։

Իսկ երբ նրանց մեղադրում են, որ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի ազդեցության տակ են նման գործողությունների գնում, վերջիններս վիրավորվում էին և հայտարարում, թե իրենք որևէ քաղաքական ուժի հետ կապ չունեն։ Մինչդեռ հենց մայիսի 8-ին իրենց տարածած հայտարարության մեջ էլ նշում են, որ  բարձր են գնահատում բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կատարած այն ահռելի աշխատանքը, որը արվել է 2020 թվականի աղետալի պատերազմից հետո: Միաժամանակ փաստում են, որ այդ պայքարին ինչ-որ բան պակասում էր, միգուցե՝ վճռականությունը: Այդ իսկ պատճառով դիմում են բոլոր հասարակական ու քաղաքական ուժերին միանալ իրենց սկսած պայքարին։  

Հիշեցնենք նաև, որ մեկ տարի առաջ էլ նրանք մասնակցել էին «Միասին» շարժման՝ դեպի Եռաբլուր կազմակերպած, իբրև թե, «ապաքաղաքական» երթին, սակայն վերջում այն վերածվեց, կարելի է ասել, «մահապարտների երդման» արարողության։ Մասնակիցները, որոնք մասամբ զոհերի հարազատներ էին, մասամբ ընդդիմադիրներ, համարյա մահապարտի երդում տվեցին՝ թե ժամն է պայքարի, զոհված զավակների շիրիմի առաջ երդվում ենք՝ «վռնդել այս իշխանությանը»։  

Ինչ վերաբերում է Աշոտ Փաշինյանի առևանգման փորձին, դա իր մեջ իրապես կրում է շատ մեծ վտանգներ, քանի որ հասարակության մեջ սկսում է կարծիք ձևավորվել, որ եթե վարչապետի որդուն է վտանգ սպառնում, ապա էլ ինչ խոսել այլ քաղաքացիների անվտանգության մասին։ Եվ այստեղ շատ մեծ անելիք ունեն իրավապահ մարմինները։

Մանրամասները՝ տեսանյութում 

Լ․ Թ․