Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուսանք՝ տիկին Թանդիլյանը նկատողություն չի ստանա «Ապրելու երկիր»-ի դոնորների՝ «միութենականի կազմի» թեմայով «պաշտոնական դիրքորոշմանը» հակասող հայտարարության համար և հետ չի կանչվի որպես քաղաքապետի թեկնածու

Հուսանք՝ տիկին Թանդիլյանը նկատողություն չի ստանա «Ապրելու երկիր»-ի դոնորների՝ «միութենականի կազմի» թեմայով  «պաշտոնական դիրքորոշմանը» հակասող հայտարարության համար և հետ չի կանչվի որպես քաղաքապետի թեկնածու
Հայաստան
17:23, 12 июль 2023
Երևանի ավագանու ընտրություններին  քաղաքապետի կին թեկնածուով մասնակցել պատրաստվող «Ապրելու երկիր» (ԱԵ) կուսակցությունը, առիթ ունեցել ենք նախորդիվ գրելու,  որոշել է «մի ոտ շուտ» սկսել նախընտրական քարոզարշավը ու հայտնել է Երևանում իշխանությունը վերցնելու, ՔՊ-ի հանդեպ «շռնդալից» հաղթանակ տանելու հավակնությունների  մասին։ «Եթե կարողանանք  Երևանի ընտրություններում հաջողություն արձանագրել, ապա կարող ենք ամբողջական իշխանափոխություն անել երկրում»,- ժամանակ առաջ հայտարարել էր գործող իշխանության նախկին  ներկայացուցիչ, նախկին սոցապնախարար և սույն կուսակցության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական  Մեսրոպ Առաքելյանը։ Կուսակցությունն էլ, ի դեպ, որոշ ժամանակ անց  հայտարարություն էր տարածել՝ նշելով «երկրի կառավարումը ձախողած ուժին իշխանազրկելու» և  «Հայաստանի և Արցախի համար ամբողջական պատասխանատվություն ստանձնելու» մասին։  

Ինչն է հետաքրքիր. նման ամպագոռգոռ հայտարարություն է անում մի կուսակցություն,  որի իրական շահառուն, ըստ համառորեն շրջանառվող  լուրերի,  Արցախի կառավարումը  պետնախարարի պաշտոնում  ձախողած ՌԴ գործարար Ռուբեն Վարդանյանն է,   որը, ըստ նույնկերպ՝ համառորեն տարածվող  լուրերի՝ ՀՀ-ում իշխանության գալու  հավակնություններ ունի, եթե, իհարկե, ժողովուրդը համաձայնի Հայաստանի թաթարստանացման  տեսլականին՝ Կազանի տիպի մայրաքաղաքով. «ապրելու երկիր» ասելով հավանաբար հենց այպիսի երկիր նկատի ունեն ապրելուերկրականները։ 

Հիշյալ կուսակցության  քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը երեկ կայացած իր  հարցազրույցում, պատասխանելով Ռուբեն Վարդանյանի և «Ապրելու երկիր»-ի միջև կապին և մասնավորապես շատ հստակ ձևակերպված հարցին՝ «Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորո՞ւմ է ձեր ընտրարշավը», պատասխանել է. «Մեր համագործակցությունն իր հետ ծրագրային է։ Այսինքն՝ եթե մենք ծրագրերի շուրջ համաձայնության ենք գալիս, մենք աշխատում ենք հենց ծրագրերի մասով»։ Եվս մեկ անգամ տրված հարցին՝ «կոնկրետ ընտրարշավը» ֆինանսավորո՞ւմ է», տիկին Թանդիլյանը կոնկրետ «այո» կամ «ոչ» ասելու փոխարեն դարձյալ ընկնում է «սար ու ձոր». «Կուսակցությունը ֆինանսավորվում է տարբեր համակիրների կողմից, տարբեր մարդիկ ներդրումներ են անում, որոնց ցուցակը հրապարակվել է մեր կայքում և մեր հաշվետվության մեջ (մենք նման ցուցակ կուսակցության կայքում չգտանք-խմբ.)»։  «Կոնկրետ Ռուբեն Վարդանյանը կա՞ր այդ ձեր կուսակցության համակիրների շարքում»՝  հարցին էլ քաղաքապետի թեկնածուն պատասխանում է. «Համակիրների մեջ, ովքեր որ աջակցում են ֆինանսապես՝ ոչ, բայց ծրագրերի մասով մենք «Ռուբեն Վարդանյան» (չգիտեինք, որ այդպիսի անվանումով հիմնադրամ կա-խմբ.) հիմնադրամի հետ համագործակցում ենք, և ակնհայտորեն դա իր աջակցությունն է  և ֆինանսավորումը»։  

Թանդիլյանի հայտարարություններից պարզ է դառնում, որ Երևանին վերաբերող այն ճոխ, պոպուլիստական նախագծերի իրագործմանը  (ճոպանուղու կառուցում, «Կուկուռուզնիկի» վերականգնում և այլն), որոնց մասին հայտարարել է իրենց կուսակցությունը,  «Ռ. Վարդանյանը, իհարկե, աջակցելու է, եթե դրա կարիքը լինի, և այստեղ կասկած չկա»։  Տիկին Թանդիլյանը կտրուկ դրական պատասխան է տվել նաև այն պարզաբանող  հարցին, թե կա՞ պայմանավորվածություն մեծահարուստ գործարարի  հետ առ այն, որ նա  կֆինանսավորի  «Ապրելու երկիր»-ի նախընտրական խոստումները, եթե, իհարկե,  վերջինիս հաջողվի հաղթել ընտրություններում։ «Բնականաբար, նա կունենա իր աջակցությունը»,- ինքնավստահ հայտարարել է Թանդիլյանը։    

Ինչ վերաբերում է ընտրարշավը ֆինանսավորելուն,  ապա նշենք, որ ըստ Ընտրական օրենսգրքի՝ երբ սահմանված ժամկետում ձևավորվեն  ընտրությունների նախընտրական հիմնադրամները, ապա «փողերի լվացման» և հարակից  այլ միջոցառումների գործում հմուտ  (մամուլն է վկայում այդ մասին) պարոն Վարդանյանը կարող է իր անձնական կամ միջնորդավորված (ուրիշների անվան տակ) մուծումներն անել՝  ԱԵ-ի ընտրարշավը  ֆինանսավորելու համար։ Նշենք, որ ըստ օրենքի՝  յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կուսակցության, կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով կամավոր մուծում։ 

Խնդրո առարկա  հարցազրույցի ընթացքում չի շրջանցվել նաև Վարդանյանի սկանդալային հայտարարությունը՝ կապված Հայաստանի ապագայի հետ՝ Թաթարստանի կարգավիճակով ՌԴ կազմում։  Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը,  մեկ և ավելի տարի առաջ  հեռուստաընկերություններից մեկի եթերում  խոսելով  Հայաստանի աշխարհաքաղաքական դերի մասին, հայտարարել էր՝  «եթե անխուսափելի է որևէ ճամբարում հայտնվելը, ապա  Հայաստանը գոնե պետք է դառնա Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը, ինչպիսին է, օրինակ, Թաթարստանը»։  «Եթե հարցը այդպես է դրված, որ միութենական պետության ստեղծումն անխուսափելի է՝  ինչպես անենք, որ դառնանք Թաթարստանի պես ամենահաջողված ռեգիոնը, ոչ թե, ասենք, ինչ-որ աղքատ ռեգիոն, որոնք կան Ռուսաստանում։ Եթե մենք նորից դառնում ենք մեծ երկրի մի մաս, մի շարք հարցեր կան, որոնց պիտի անդրադառնանք, օրինակ՝ ո՞նց անենք, որ մեր լեզուն պահպանենք և այլն»։ Փաստորեն, նորից «մեծ երկրի մաս»  դառնալը չմերժող, չբացառող, կտրուկ «ոչ»  չասող Վարդանյանը Հայաստանի համար արդեն իսկ կանխավ առաջարկում է  իր համար օրինակելի, նախընտրելի տարբերակ՝ ՌԴ կազմում՝  Թաթարստանի կարգավիճակով։  Տիկին Թանդիլյանը որոշեց  այս հարցին պատասխանել՝ իր ուժերից վեր ծանրաձող բարձրացնելու տրամաբանությամբ։ Եվ նրա ասածից ստացվեց այնպես, որ  Վարդանյանն այդ առաջարկն արել է «եթե... ապա» մտայնությամբ։  Այսինքն՝ եթե անխուսափելի է, ապա կարելի է։ Տիկին քաղաքապետի թեկնածուն միաժամանակ  իշխանությանը մեղադրեց նրանում, որ Թաթարստան դառնալն անխուսափելի չէ։  «Իհարկե, իշխանությունն է մեղավոր, որ նման դիսկուրս կա մեր երկրում, իսկ մենք, որպես պաշտոնապես այդ հարցին պատասխանած կուսակցություն, ասել ենք բազմիցս, որ մենք չենք տեսնում երբեք Հայաստանը միութենական կազմում և կանենք ամեն ինչ, որ դա տեղի չունենա՝ ի տարբերություն այսօրվա իշխանության»։  Նկատենք, որ տիկին Թանդիլյանի այս վերջին միտքը, որով էլ վերնագրվել է հրապարակումը,  ֆեյսբուքյան «մեմի» թեմա է դարձել։ Մի շարք օգտատերեր նյութի «սքրինշոթը»  տարածում են՝ կից գրառմամբ՝ «Ով այնպիսի սուտ ասի, որ ասեմ սուտ է՝ կսատարեմ. Կրեմլ»։  

«Միութենական կազմ»-ի մասին դիսկուրսից խոսող  տիկին Թանդիլյանին արժե հիշեցնել, որ այդ թեմայի ակտիվ ջատագովներից են մեկ միութենական կազմակերպության անդամ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, մեկ ՀՀ նախկին նախագահներից մեկը, մեկ էլ  ՀՀ-ում այդ նարատիվը ակտիվորեն քարոզող պրոռուսական, եթե կուզեք՝ Կրեմլից սնվող  հայկական ազգանունով քարոզիչները։ Իսկ ՀՀ բարձր իշխանությունը՝ ամենատարբեր մակարդակով, քանիցս է հայտարարել՝ ՀՀ-ի օրակարգում նման հարց չկա՝ մեկընդմիշտ փակելով «միութենական կազմ»-ի թեման։  Իսկ այ Ռուբեն Վարդանյանը, «ի տարբերություն իշխանության»,  ոչ միայն տոն է տվել այդ թեմային ու զարգացրել այն, այլև սիրով կիսվել է իր պատկերացրած «միութենական կազմի» պարամետրերով, որոնք նույնանում են ՌԴ-ի ամենազարգացած ռեգիոնի հետ։ Հուսանք՝ տիկին Թանդիլյանը նկատողություն չի ստանա «Ապրելու երկիր»-ի դոնորների՝ «միութենական կազմի» թեմայով  «պաշտոնական դիրքորոշմանը» հակասող հայտարարության համար և հետ չի կանչվի որպես քաղաքապետի թեկնածու։ 
 
Ե. Ա.