Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն նախատեսում է աջակցել ՀՀ մարզերում՝ գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա առարկաների դասավանդման որակի բարելավմանը. կհատկացվի 32 մլն եվրո

ԵՄ-ն նախատեսում է աջակցել ՀՀ մարզերում՝ գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա առարկաների դասավանդման որակի բարելավմանը. կհատկացվի 32 մլն եվրո
Հայաստան / Գիտություն
21:11, 30 август 2023
Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև 2023թ․ ապրիլի 27-ին Բրյուսելում և 2023թ․օգոստոսի 1-ին Երևանում ստորագրվել է «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրը, որով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն՝ 29.3 մլն եվրո ծավալով: Բացի այդ, ծրագրի իրականացումն օժանդակելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ 2.7 մլն եվրո ծավալով (Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 32 մլն եվրո): Հայաստանի կողմից համաֆինանսավորում չի նախատեսվում: 
 
Ծրագիրը կենտրոնացված է լինելու ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների դասավանդման և ուսուցման որակի բարելավման վրա՝ համադրելով ֆորմալ ու նորարարական ոչ ֆորմալ կրթությունը՝ գյուղական համայնքներում բարձրորակ կրթական ծառայություններն ավելի մատչելի դարձնելու համար: Ծրագիրն ընդգրկելու է Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի բոլոր դպրոցներն ու Սյունիքի մարզի Կապան քաղաքի 13 դպրոցները։ 
 
Ընդհանուր առմամբ, մինչև 337 դպրոց ունենալու է վերանորոգված ու կահավորված ԳՏՃՄ լաբորատորիաներ, վերապատրաստված ուսուցիչներ և վերապատրաստման նորացված մեթոդաբանություն: 
 
Կառավարությանն առաջարկվում է վաղվա՝ օգոստոսի 31-ի, նիստում հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության   և Եվրոպական հանձնաժողովի միջև 2023թ․ ապրիլի 27-ին Բրյուսելում և 2023թ․ օգոստոսի 1-ին Երևանում ստորագրված Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաս­տանի նախագահի հրամանագրի նախագծին: