Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն ողջունում է Թուրքիայի դերը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Պետդեպ

ԱՄՆ-ն ողջունում է Թուրքիայի դերը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Պետդեպ
Միջազգային
10:24, 15 декабрь 2023
ԱՄՆ-ն ողջունում է Թուրքիայի «արդյունավետ դերը» Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Ադրբեջանում արված հայտարարությունները։

Դեկտեմբերի 14-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը դրական ազդեցություն կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վրա։

Ինչպես նշել է Միլլերը, Վաշինգտոնը, ինչպես և Անկարան, աջակցում է Երևանի և Բաքվի միջև ուղիղ բանակցություններին՝ հաստատելու համար խաղաղություն։

Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանի վերջին բանակցություններին, ապա այս թեման, ամերիկացի դիվանագետի խոսքով, քննարկվել է։

Ավելին, ինչպես նշել է Միլլերը, այդ հարցը պարբերաբար դիտարկվում է արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների կողմից։ Նա, սակայն, չի հայտնել քննարկման մանրամասները։