Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՀՀ-ն շատ հստակ պետք է հայտարարի, որ Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանը դեպի Նախիջևան ոչ երկաթուղային, ոչ ավտոմոբիլային ճանապարհ չի ստանալու». քաղաքագետ

«ՀՀ-ն շատ հստակ պետք է հայտարարի, որ Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանը դեպի Նախիջևան ոչ երկաթուղային, ոչ ավտոմոբիլային ճանապարհ չի ստանալու». քաղաքագետ
Միջազգային
18:53, 16 август 2021
Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը երեկ ծավալուն հարցազրույց է տվել թուրքական պրոիշխանական CNN Тürk հեռուստաալիքին, որում առկա են բազմաթիվ կարևոր դետալներ տարածաշրջանի և հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս իրադրության վերաբերյալ։ 
Ալիևն այդ հարցազրույցում նախ անուղղակի խոստովանել է, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը՝ մասնավորապես հայտարարելով, որ «Ադրբեջանը սկսեց «Ազատագրական պատերազմը, ազատագրեց իր պատմական հողերը նվաճողներից»։
Ապա Ալիևը ասել է, որ Ադրբեջանն այս պահին Հայաստանին առաջարկել է կնքել «Խաղաղության պայմանագիր», որի դիմաց պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այո, տարածաշրջանում կլինի երկարատև խաղաղություն։ ...Այս պահին դա անելու համար սեղանին են դրված կոնկրետ առաջարկներ»։ 

Ալիևը հարցազրույցում բավական երկար անդրադարձ է կատարել նաև «Զանգեզուրի միջանցքի» և իրենց գործողությունների վերաբերյալ։ Ամբողջ հարցազրույցից պարզ է դառնում, որ Ադրբեջանը շարունակելու է ճնշում գործադրել, պարտադրել Հայաստանին համաձայնելու այդ առաջարկներին։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ուղիղ կապ է տեսնում հարցազրույցում հնչեցված նպատակների և այսօր Երասխում սահմանային իրավիճակի լարման միջև, որի արդյուքնում Հայաստանը կրկին զոհ ունի։ 

Ըստ Պողոսյանի՝ ինչում Ալիևին չի կարելի մեղադրել, դա անհետևողականությունն է։ Ադրբեջանն ու նրա ռազմաքաղաքական ղեկավարությունը բավական հետևողականորեն առնվազն 2020 թվականի նոյեմբերի 10-ից առաջ են քաշում իրենց պահանջները Հայաստանի նկատմամբ, որոնք հիմնված են երկու հիմնասյուների վրա։ Առաջինն այն է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խորհրդային Ադրբեջանի սահմաններում։ Իսկ դա նշանակում է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս և համաձայնել,  այսպես կոչված, անկլավների վերադարձին Ադրբեջանին կամ առնվազն ճանաչել, որ Ադրբեջանն իրավունք ունի ստանալու այդ անկլավները, իսկ դրանք չպահանջելու դիմաց Հայաստանից այլ զիջումներ ստանալու՝ անկլավները դարձնելով սակարկությունների առարկա։

Ադրբեջանի տեսլականի կամ վերջին 8-9 ամիսների քաղաքականության հաջորդ հիմնասյունը, ըստ քաղաքագետի, Ադրբեջանը Նախիջևանին կապող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհ ստանալն է Սյունիքի մարզի տարածքով։ «Ընդ որում, ես հատուկ եմ շեշտում «ճանապարհ» բառը, քանի որ Ալիևը միշտ խոսում է միջանցքի մասին։ Իմ գնահատմամբ՝ Ադրբեջանին անհրաժեշտ է ճանապարհ դեպի Նախիջևան, որը պարտադիր կանցնի Սյունիքի մարզի տարածքով։ Չի բացառվում, որ ինչ-որ պահից Ալիևը հայտարարի, որ ինքը չի պահանջում Զանգեզուրի միջանցք, այլ պահանջում է, որ իրեն տրամադրվի ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհ Սյունիքով։ Բայց իմ գնահատմամբ՝ անկախ դրանից՝ դա ճանապարհ է, միջանցք, թե հաղորդակցման ուղի, մեկ է՝ Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան, իսկ ավելի լայն կոնտեքստով՝ Ադրբեջան-Թուրքիա կապի գործարկումը միջնաժամկետ՝ 7-10-15 տարվա կտրվածքով նշանակում է էականորեն մեծացնել Թուրքիայի և Ադրբեջանի առնվազն տնտեսական ազդեցությունը  Սյունիքի մարզի տարածքում, ինչը հիմքեր կստեղծի այդ երկու երկրների կողմից Սյունիքի մարզի նկատմամբ դե ֆակտո վերահսկողություն հաստատելու։ Ադրբեջանն այս երկու հիմնական խնդիրն ունի՝ հարկադրել, որ մենք ճանաչենք՝ այն, ինչ խորհրդային Ադրբեջանն էր, ներկայիս Ադրբեջանն է, և իրեն տրամադրենք ճանապարհ՝ Սյունիքով Նախիջևան։ Մնացած մասով Ալիևի հայտարարության մեջ նոր բան չկար»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ներկայումս ՀՀ սահմանին տիրող լարված իրավիճակը, Ադրբեջանի հստակ քաղաքականությունը միտված են հենց իր դրած երկու պահանջների իրագործմանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի անելիքներին, ապա Պողոսյանի խոսքով՝ եթե խոսում ենք հաղորդակցման ուղիների մասին, ապա հասկանալի է, որ տարածաշրջանում ներկայացված բոլոր արտաքին ուժերը՝ Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ, Թուրքիա, Իրան, բոլորը շահագրգռված են տարածաշրջանում հաղորդակցման ուղիների բացմամբ։ Հետևաբար Հայաստանը ևս պետք է հայտարարի, որ մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ, և այդ համատեքստում պատրաստ ենք Ադրբեջանին տրամադրել կապ ՀՀ տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, սակայն ոչ  Սյունիքի մարզի տարածքով։ «ՀՀ-ն շատ հստակ պետք է հայտարարի, որ Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանը դեպի Նախիջևան ոչ երկաթուղային, ոչ ավտոմոբիլային ճանապարհ չի ստանալու, քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության  հայտարարություններն ու քայլերը վկայում են մեկ բանի մասին, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե դեպի  Նախիջևան հաղորդակցության ուղիներ ստանալն է, այլ միջնաժամկետ և երկարաժամկետ  հեռանկարում դե ֆակտո Սյունիք  մարզի օկուպացիան։ Հետևաբար դա ուղղակի սպառնալիք է ՀՀ  կենսական շահին, և ՀՀ-ն չի կարող կատարել քայլեր, որոնք ուղղակիորեն քայքայում են իր անվտանգությունը և սպառնալիք են սեփական կենսական շահերին»,- ընդգծեց քաղաքագետը՝ ավելացնելով, որ այս ամենը հստակեցնելուց հետո Հայաստանը պետք է հստակեցնի նաև իր դիրքորոշումը այն տարածքների նկատմամբ, որոնք Ադրբեջանը գրավել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, քանի որ մինչ օրս չկա որևէ իրավական փաստաթուղթ, որտեղ ֆիքսված է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների նկատմամբ: «Քանի դեռ նման պաշտոնական վերաբերմունք  չի արտահայտվել ՀՀ-ի կողմից, սահմանների վերաբերյալ դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ ցանկացած քննարկում ավտոմատ Ադրբեջանի կողմից տեղափոխվելու է այն հարթություն, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը»,- եզրափակեց քաղաքագետը։