Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ կառավարչին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցության միջոցառումները

Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ կառավարչին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցության միջոցառումները
Միջազգային
18:51, 18 март 2024
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի տեղակալ Էրին ՄըքՔիի հետ։

Հանդիպման ընթացքում, որը կայացել է Վաշինգտոնում՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) կենտրոնական գրասենյակում, քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված սոցիալական աջակցության միջոցառումները՝ ընդգծելով վերջիններիս կարիքների գնահատման հիմքով՝ ՀՀ Կառավարության կողմից մշակվող ծրագրերի կարևորությունը․ այս համատեքստում կարևորվել է նաև ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունը։         

Էրին ՄըքՔին ևս, ընդգծելով տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը, շեշտել է, որ գործակալությունը պատրաստակամ է շարունակական աջակցություն տրամադրել հայկական կողմին՝ հումանիտար կարիքների բավարարմանը, ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև տնտեսության զարգացմանն ուղղված աշխատանքներում։    

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին, ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ կազմակերպվող նախաձեռնություններին։