Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ երկու պետությունների սկզբունքի հիման վրա. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանականների հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում իրադրությունը՝ կարևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատման հրամայականը և վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Պաղեստինի Ազգային խորհրդի փոխնախագահ Մուսա Հադիդի հետ երկկողմ հանդիպմանը քննարկվել են Գազայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները:

Հայաստանի խորհրդարանի նախագահը համառոտ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը խնդրի կարգավորման վերաբերյալ:
«Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ երկու պետությունների սկզբունքի հիման վրա»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներն անցել են կառուցողական և գործընկերային մթնոլորտում: